Երկրաշարժից 29 տարի անց. «Պետությունը հեչ բան չի էնե, դոմիկում էլ կմեռնինք»

«30 տարի է էս դոմիկի մեջ կապրենք, էս կռիսներից ու մկներից պրծում չունենք, գիշերը կելնեն սեղանի վրա հացերը կկրծեն, դոմիկի սաղ անկյուններով թալակներ եմ շարել, հնար չունինք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց 58-ամյա Զաբել Ջանոյանը։ Վերջինս անչափահաս թոռնիկի հետ բնակվում է Գյումրիում՝ տնակում, որը գնել են 1988թ-ի երկրաշարժից հետո, երբ փլատակների տակ է մնացել իրենց շենքը՝ նրանց ու հարյուրավոր այլ գյումրեցիների թողնելով անօթևան։ «Ես իմ գումարով առել եմ էս դոմիկը՝ էն ժամանակ 2000 ռուբլի էր, բայց մեջը ոչ մի բան չկար, սաղ լուսամուտները բաց-բրախ, էդպես էստեղից-էնտեղից ճարելով, ծանոթներից, բարեկամներից էս բանը խնդրելով, էն բանը խնդրելով կամ իմ գումարով բերել երկու կտոր տեղաշոր ու կռավաթ եմ դրել, որ գոնե գետնին չքնինք»,- պատմեց Զաբել Ջանոյանը։ Կիսախարխուլ տնակում չկան կոմունալ հնարավորություններ, իսկ ձմռանը կիսաբաց լուսամուտներից փչող սառը քամին ավելի է սաստկացնում տնակի առանց այն էլ ցուրտ ու խոնավ պայմանները։ «Վառելիք չունիմ, աշխատանք չունիմ, նպաստ չեմ ստանում․ ես ոնց կարամ էս դոմիկը վերանորոգեմ, որ գոնե ձմռանը ձյունը գլխներիս չլցվի։ Դեսպե, հին շոր կվառեմ, որ էս ցրտին թոռնիկս գոնե կարենա դիմանա։ Տղես էլ 20 տարի է գնացել է Ռուսաստան խոպան, որ գոնե երկու կոպեկ փող աշխատի»,-ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։