Թուրքիան չի ճանաչում Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի որոշումը. փոխվարչապետ

Թուրքիան չի ճանաչում Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի որոշումը. փոխվարչապետ

Թուրքիան չի ճանաչում ԱՄՆ-ի որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Բոզդաղի խոսքով՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելը հակասում է միջազգային իրավունքին։ «ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում այդ որոշման հետևանքների համար»,-ասել է Բոզդաղը։ «Ես որոշեցի, որ այսօր եկել է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ժամանակը»,-ասել էր երեկ ԱՄՆ նախագահն իր ուղերձում։ Իսրայելը հռչակել է Երուսաղեմը որպես իր մայրաքաղաք 1949 թվականին՝ անկախության համար պատերազմի ավարտից հետո։ 1967 թվականին՝ 6-օրյա պատերազմի արդյունքում Իսրայելը զավթել է Արևելյան Երուսաղեմն ու միավորել այն արևմտյան հատվածի հետ, սակայն ՄԱԿ-ը չի ճանաչել դա։