«Բարի» իշխանություններն ու «կառուցողական» ուսանողները

«Բարի» իշխանություններն ու «կառուցողական» ուսանողները

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այսօր Սիրահարների այգում հանրային քննարկում են կազմակերպել՝ «լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։ Այսօրվա հանրային քննարկումներն, ըստ էության, ժամանակավրեպ են, որովհետև նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր հայտնել է, որ շաբաթ օրը աշխատանքային քննարկում են ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, որտեղ էլ որոշել են կլոր սեղանի վայրն ու ֆորմատը։ Ըստ Պետրոսյանի, հոկտեմբերի 22-ի հանդիպումը տեղի կունենա Ազգային ժողովում՝ բանավեճի ֆորմատով, ապահովելու են ուղիղ եթեր։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամի խոսքով՝ բանվեճին երկու կողմն էլ կունենա 5-ական ներկայացուցիչ, Էդուարդ Շարմազանովը կհամակարգի բանավեճը, իշխանական թևից հանդիպմանը ներկա կլինեն պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հաոբյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։ Սիրահարների այգում այսօր հնչած առաջարկություններն, ըստ էության, էական դեր չեն ունենալու սպասվող քննարկումներում` մի քանի պատճառով: Նախ` տարկետման ինստիտուտն օրենսդրորեն վերացվել է, իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց դիրքերից նահանջելու մտադրություն չունեն, հետևաբար այնքան էլ պարզ չէ, թե հոկտեմբերի 22-ին բովանդակային հարթության վրա ինչ են քննարկելու իշխանության և ուսանողության ներկայացուցիչները, երբ այս հարցում օբյեկտիվորեն բացակայում է կոմպրոմիսների հնարավորությունը: Մյուս կողմից` Շարմազանովն ու ուսանողական շարժման ակտիվիստները պայմանավորվել են կոնկրետ ձևաչափի շուրջ, ինչը, սակայն, ոչ թե կլոր սեղանի ինստիտուտ է, այլ` բանակցություններ իշխանության և ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման ձևաչափով հանդիպումներն արդյունավետ լինել չեն կարող, որովհետև խորհրդարանական բովանդակային քննարկումները մնացել են հետևում և, անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ, թե, օրինակ, ուսանողներն ինչ ունեն քննարկելու պատգամավորների հետ, որոնց առաքելությունն այս գործընթացում ավարտվել է: Միևնույն ժամանակ` ընտրված ձևաչափը թույլ չի տալիս, որ քննարկումներին մասնակցեն կրթական համակարգի, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ովքեր կարող էին հարստացնել բանկցությունների կամ կլոր սեղանի օրակարգը: Ըստ ամենայնի` այս բանակցությունների նպատակն իշխանության տոլերանտության իմիտացիայի ստեղծումն է, որը նրանց անհրաժեշտ է հատկապես Եվրամիության հետ նոյեմբերի 24-ին նախատեսված շրջանակային համաձայնագրի ստորագրումից առաջ: Շատ հնարավոր է, որ ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրելուց հետո իշխանություններն անգամ «մոռանան» ուսանողների ու նրանց խնդիրների մասին: Մյուս կողմից` նոյեմբերի 24-ից հետո բակցությունների անհրաժեշտություն գուցե օբյեկտիվորեն չլինի էլ, որովհետև ուսանողական շարժումը թերևս հասցրած կլինի ապահովել իր, այսպես կոչված, արժանապատիվ նահանջը: Իշխանությունների և ուսանողական շարժման կոնսենսուսի առանցքը իմիտացիան է, որն ընդամենը վարկաբեկելու է դիսկուրսի, հանրային քննարկումների ինստիտուտը: Լուսանկարը՝ Photolure-ի