Վանաձորում նոր ընտրությունները պատիվ կբերեն ՀՀԿ-ին. Լոռու նախկին մարզպետ

Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանի հետ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Սահմանադրական դատարանի կայացրած որոշման շուրջ, որով հակասահմանադրական ճանաչվեց Վանաձորի ավագանու գումարած բոլոր նիստերը: Վիգեն Խաչատրյանի խոսքերով՝ ի սկզբանե կամակորություն դրսևորվեց. «Ողբերգություն չէ, եթե նորից ընտրություններն անցկացվեն, սա համապետական ընտրություն չէ, լոկալ քաղաք է, բարդ քաղաք է, երկրաշարժի հետևանքները չեն վերացված, արդյունաբերությունը, ինչպես և ամբողջ պետությունում, ավիրված վիճակում է: Եվ նոր ընտրությունները կմեծացնեին վստահությունը դեպի իրենց տեղական ինքնակառավարման մարմին»,- ասաց նա: Նրա խոսքերով՝ հիմա է ճիշտ  ընտրություն կազմակերպելու ժամանակը։ «Այն պահին, երբ քվե ստացած մարդկանց մի մասը այլ կերպ քվեարկեց, պետք էր նոր ընտրություն հայտարարել»,- ասաց նախկին մարզպետը՝ հավելելով՝ ով չի հասկանում, որ ինչ-որ մարդիկ ստվերային ազդեցություն են ունեցել, որ ավագանու անդամները քվեարկեն ՀՀԿ թեկնածուի օգտին: Վիգեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ հերթական անխոհեմ պահվածքն է, որը ցույց է տալիս, որ ուժ ունենք:   ՀԳ. Վիգեն Խաչատրյանի հետ հարցազրույցը տեղի է ունեցել երեկ՝ Վանաձորում ՀՀԿ-ի և ՀՎԿ-ի միջև հուշագրի ստորագրումից առաջ: