Ավանում երիտասարդ կինը արդուկով սպանել է 51-ամյա տղամարդուն

Ավանում երիտասարդ կինը արդուկով սպանել է 51-ամյա տղամարդուն

Երևանում հունիսին 51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել երիտասարդ կնոջ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշելով, որ երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, այն է՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն։ Հիշեցնենք, որ ահասարսուռ դեպք էր տեղի ունեցել. սպանվել էր 51-ամյա տղամարդը՝ իր տան մեջ։ Նրա դին հայտնաբերվել է իր իսկ անկողնում ՝ կիսամերկ և գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի պահին երիտասարդ կինը եղել է իր մանկահասակ երեխայի հետ։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Շարժառիթը հայտնի է, ինչի մասին քննչական կոմիտեից հրաժարվեցին տեղեկություն տրամադրել՝ նշելով քրեական գործի առանձնահատկությունը։