Հայաստանը` կեղծ օրակարգերի պատանդ

Հայաստանը` կեղծ օրակարգերի պատանդ

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսում իր առանձնատանը, որը երկուշաբթի կշարունակի արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի դիմաց․ պատճառը, ըստ նրա, այդ կառույցի «հակասահմանադրական» վարքագիծն է։ Հայրիկյանը վկայակոչում է Սահմանադրության 202-րդ հոդվածը և պնդում է, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու օրակարգով հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունի` 200 հազար ստորագրություն հավաքելու պարագայում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչդեռ, հրաժարվել է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ հղում անելով «Հանրաքվեի մասին» գործող օրենքին։ Բանն այն է, որ նոր Սահմանադրության այն հոդվածը, որը հիշատակում է Հայրիկյանը, դեռ ուժի մեջ չի մտել: ԱԻՄ-ն այլընտրանքային Սահմանադրություն է առաջարկում, որը, Հայրիկյանի խոսքերով, բացարձակ ժողովրդավարության հաստատում է ենթադրում: Հայրիկյանի առաջարկության բովանդակությանը նույնիսկ անիմաստ է անդրադառնալ, որովհետև տուրք ենք տալու կեղծ օրակարգին, որը որևէ աղերս չունի Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հետ: Ոչ երեկ, ոչ այսօր Հայաստանի պրոբլեմները Սահմանադրության որակի, կառավարման համակարգերի մեջ չեն, այլ` հակասահմանադրականության: Եթե քաղաքական որևէ առաջարկ չի ենթադրում սահմանադրական ճգնաժամի հաղթահարում, ինքնին ակտուալ չէ, եթե նույնիսկ մասնագիտորեն գրագետ է ձևակերպված: Մեր քաղաքական ուժերի պրոբլեմն ադեկվատության բացակայությունն է, ինչի հետևանքով հասարակությունն ավելի է օտարանում քաղաքականությունից: Օրինակ` հասարակությանը շատ դժվար է բացատրել, թե ինչու է Հայրիկյանն այսօր հացադուլ հայտարարում կամ, ի վերջո, ի՞նչ է նրա ուզածը: Կամ Հայաստանում այնքան է էժանացել հացադուլի ինստիտուտը, որ անգամ բարոյական հետևանք չի հարուցում, էլ չենք խոսում քաղաքական հետևանքների մասին: Մյուս կողմից` հանրաքվեի ինստիտուտը Հայաստանում օբյեկտիվորեն չի կարող գործել, եթե անգամ ԿԸՀ-ն Հայրիկյանին համապատասխան ձևաթուղթ տրամադրի, որովհետև ընտրությունների ինստիտուտը չի գործում և քաղաքական ուժի առաջնահերթ խնդիրը պետք է լինի, առաջին հերթին, հասարակությանը գործոն դարձնելը: Հայրիկյանի օրակարգով դա հնարավոր չէ: Մյուս կողմից` այսօր Հայաստանում, բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, չկա քաղաքական այլ ուժ` խորհրդարանում կամ դրանից դուրս, որ կարողանա 200 հազար ստորագրություն հավաքել` հանրաքվե նախաձեռնելու համար: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հանրաքվեի անհրաժեշտություն առանձնապես չունեն, ըստ այդմ` հանրաքվեի սահմանադրական դրույթը եվրոպացիների ականջը շոյելու համար է: Մի քանի ժամից Հայրիկյանի հացադուլը մեկնարկելու է: Թերևս տեղին կլինի, որ նա հացադուլը սկսի` այն դադարեցնելու «համազգային հորդորի» փաստաթուղթը ձեռքին: Վաղը այդ «հորդորի» կարիքը Հայրիկյանը շատ է ունենալու: