Մեր հասարակությունը հիվանդ է. առողջապահության նախարարն էլ անլուրջ մոտեցում է ցուցաբերում

«2018-ի բյուջեի նախագծով սոցիալական ոչ մի նախագիծ չի նախատեսվում։ Փոխարենը բոլոր ուղղություններով՝ կրթություն, առողջապահություն ֆինանսավորումը նվազեցվել է, և շարունակվելու են կրճատումները։ Առողջապահական համակարգում ունենք 5․8 միլիարդի նվազեցում, որը 2017-ի հետ համեմատած մոտ 7 տոկոսի կրճատում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։ Նրա խոսքերով՝ մինչդեռ, նույն բյուջեի նախագծով բազմաթիվ ոչ նպատակային ծախսեր են նախատեսված, պաշտոնյաները միլիոնավոր դոլարների հեռախոսով խոսում են, գործուղումների են գնում, բայց առողջապահութան ֆինանսավորումը կրճատում են։ Արարատ Մկրտչյանի խոսքերով՝ առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսավորման նվազեցումն արդեն 2018-ի առաջին ամիսներից զգացնել կտա։ Առողջապահական ծրագրերի մատուցման քանակը կտրուկ կնվազի։ Փորձ կարվի որակը պահել, որը շատ դժվար կլինի։ «Այս ոլորտներում կրճատում իրականացնելն անթույլատրելի է։ Նամանավանդ, երբ կառավարությունը մինչև 2020 թվականը կարճաժամկետ ծրագրում ֆինանսավորման նվազեցման քաղաքականություն է որդեգրել։ Կարևորը իրականացվող քաղաքականության հարցն է, որը կարող է անդառնալի հետևանքներ թողնել բնակչության շրջանում։ Մարդը մնալու է անպաշտպան»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ կառավարության ներկայացրած պարզաբանումները, թե բյուջեում գումար չկա, դրա համար էլ կրճատում են, զավեշտալի են։ «Եթե չկա, ապա թողեք գնացեք, թող գան այն կառավարությունները, որոնք գիտեն՝ որտեղ կա, և տնտեսության վիճակը այն աստիճան կհասցնեն, որ բյուջեում գումար լինի և ծրագրերն իրականացվեն»։ Նախկին նախարարի խոսքերով՝ առողջապահական համակարգին հատկացված գումարը կարող է բավականացնել միայն երեք հետազոտական խնդիր լուծել, որը լուծվում էր 17-18-րդ դարերում՝ շոշափել, լսել և թխթխկացնել։ «Այսօր բուժաշխատողները կոպեկներով աշխատավարձ են ստանում։ Սա առողջապահություն չի։ Առողջապահությունը դա բուժաշխատողի աշխատավարձն է, առողջ հասարակությունը ձևավորելը։ Բայց մենք ունենք այն, ինչ ունենք։ Մեր հասարակությունը հիվանդ է, և ոչ ոք չի մտածում կանխարգելման խնդիր լուծել»։   Առավել մանրամասն՝ տեսանյութում։