Նոր մեկնարկ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Yeni Safak, Թուրքիա

Նոր մեկնարկ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Yeni Safak, Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան կարևոր է երկու երկրների ապրանքաշրջանառությունը և հարաբերություններն անհրաժեշտ հունին վերադարձնելու հնարավորության տեսանկյունից: Ինքնաթիռի հետ կապված ճգնաժամին հաջորդած շրջանում երկու երկրների միջև առևտուրը նվազել է, և առևտրային հավասարակշռությունը խախտվել է ավելի շատ Ռուսաստանի օգտին, քանի որ ճգնաժամը չվերաբերեց էներգետիկային: Այս մասին գրում է թուրքական Yeni Safak պարբերականը: Դրա հետ կապված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ հարաբերությունները հասել են նախաճգնաժամային մակարդակին, մատնանշում է առևտրի անկումը փոխհատուցելու կողմերի պատրաստակամությունը: 2008 թ., երբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանաքաշրջանառությունը հասել էր ամենամեծ ծավալի՝ 38 մլրդ դոլարի, Ռուսաստան Թուրքիայի արտահանումը կազմել էր 6,4 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանինը Թուրքիա՝ 31,3 մլրդ: Հիմա, երբ հարաբերությունները կարգավորվել են, Թուրքիայի առևտուրը Ռուսաստանի հետ տարվա առաջին 9 ամիսներին 15 մլրդ դոլար է կազմել: Այդ ժամանակահատվածում Թուրքիայի արտահանումը ՌԴ կազմել է 1,7 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանինը Թուրքիա՝ 13,9 մլրդ: Ակնհայտ է, որ առևտրային հավասարակշռությունը Ռուսաստանի օգտին է: Ուստի այդ իրավիճակը շտկելու և արտահանման և ներկրման միջև տարբերությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները, որոնք կան Ռուսաստան թուրքական ապրանքների արտահանման առաջ: Ամենագլխավորը՝ պետք է մեծացնել Թուրքիայի բաժինը 100-մլրդանոց ապրանաքաշրջանառությունում, որին նպատակաուղղված են երկու երկրները: Ազգային արժույթների օգտագործմամբ առևտուրը, որը քննարկվում է երկու երկրների կողմից, և նոր ժամանակակից Մետաքսի ճանապարհի նախագիծն այդ թվին հասնելու կարևորագույն միջոցներն են: Մյուս կողմից, Թուրքիան պատրաստվում է ռազմավարական ծրագրեր իրականացնել Ռուսաստանի հետ նաև էներգետիկ ոլորտում: Դրանցից ամենակարևորներն են՝ «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը, որի շինարարությունն ընթանում է ամբողջ թափով, և «Ակկույու» ԱԷԿ-ի նախագիծը: «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրականացման հետ Ռուսաստանը կդառնա ռազմավարական կարևոր խաղացող, որը կապահովի ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ ԵՄ երկրների էներգամատակարարման անվտանգությունը: Ուստի երկու երկրների շարունակվող փոխգործակցությունն առևտրում և էներգետիկայում ևս կարևոր փուլ է տարածաշրջանում նոր միությունների, քաղաքական միավորումների և նոր տնտեսական հավասարակշռությունների ձևավորման տեսանկյունից: Դրական իրադարձություններ են տեղի ունենում նաև զբաղվածության և գործազրկության ոլորտներում, որոնց մասին ամենաշատն է խոսվում վերջերս: 2017 թ. թուրքական տնտեսության 5,1-5,2% աճի շնորհիվ՝ զբաղվածությունն ավելանում է, իսկ գործազրկությունը նվազում է: Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թ. օգոստոսին գործազրկությունը կազմել է 10,6%, թեև նախորդ տարվա օգոստոսին արձանագրվել է 11,3%: Մյուս կողմից, 2017 թ. օգոստոսի դրությամբ վերջին տարում աշխատանքի տեղավորվածների թիվն աճել է 1,4 մլն-ով: Զբաղվածության աճը 1,3%-ով՝ մինչև 48% իսկապես լավ նորություն է, նշում է պարբերականը: Մինչև 2017 թ. օգոստոս աշխատավոր ուժի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1,3 մլնով՝ մինչև 32,2 մլն: Աշխատուժի երկարաժամկետ աճը, որը տնտեսական աճի գլխավոր աղբյուրներից մեկն է, և նույնիսկ որակավորված աշխատուժի, ուժեղացնում է դրական սպասելիքները և՛ տնտեսական աճի, և՛ ՀՆԱ-ի աճի վերաբերյալ: Իսկ դա երկարաժամկետ հեռանկարում կկոտրի գործազրկության դիմադրությունը: Վերջապես, առաջնային թեմաներից մեկը, որոնք առանձնակի քննարկման կարիք ունեն Թուրքիայում, գործազրկությունն է երիտասարդության շրջանում և չաշխատողների ու կրթություն չունեցող երիտասարդների խնդիրները: Երիտասարդների գործազրկության մակարդակը Թուրքիայում կազմել է 20,6%, իսկ չաշխատողների և կրթություն չունեցողների թիվը կազմում է երիտասարդների 28%-ը: Ժամանակն է կենտրոնանանլու այդ հարցերի վրա, եզրափակում է պարբերականը: