Փարիզում 5 «օրենքով գող» է ձերբակալվել

Փարիզում 5 «օրենքով գող» է ձերբակալվել

Ֆրանսիայում «ռուսական մաֆիայի» դեմ լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալվել են 5 «օրենքով գողեր»։ Ներկայում կալանքի տակ է գտնվում 44-ամյա Իլյա Խելաձեն, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Ժուլվերովիչ կամ Իլո Լանչխուտսկի։ Այն ժամանակ, երբ Վրաստանը ղեկավարել է Սաակաշվիլին, Խելաձեն 7 տարի բանտ է նստել։ Նրա հետ նույն մեկուսարանում է գտնվել մեկ այլ «օրենքով գող» Ռևի Դարախվելիձեն, ով այժմ ձերբակալվել է Խելաձեի հետ։ Բացի այդ, իրավապահները ձերբակալել են Գեորգի Փոլադիշվիլիին (Սինկար), ով մեծ ճանաչում է ստացել իր «կնքահոր»՝ Կակո Լանդիայի, ինչպես նաև Ռևիի և այլոց հետ Գիգա Վիբլիանիի թագազրկմանը մասնակցություն ունենալու համար։ Սինկարը թշնամի է Շաքրո մոլոդոյի կլանից «օրենքով գող» Նոդար Ալոյանի հետ։ Ձերբակալվածների թվում են Նոդար Գամիսոնիան (Սուխումսկի), և Նիկոլոզ Նոդիան (Նիկա Թբիլիսկի)։ Նրանք երկուսն էլ թագադրվել են 2013 թվականին։ Ընդհանուր առմամբ ծագումով նախկին խորհրդային հանրապետություններից 35 ձերբակալվածների թվում 5-ը «օրենքով գողեր» են։ Crime Russia-ի հաղորդմամբ՝ բոլոր 35 ձերբակալվածները կասկածվում են բնակարանային գողությունների կազմակերպման ու իրականացման, փողոցային կողոպուտների, մաքսանենգության և շորթման մեջ։ Գործողության ընթացքում ոստիկաններն առգրավել են զենք և 70 հազար եվրո կանխիկ գումար։ Նրանց հաշիվներում առկա 200 հազար եվրոյի վրա կալանք է դրվել։