Էրդողանը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության հարցը

Էրդողանը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության հարցը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի տարածքից եկող առավելագույն սպառնալիքի ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի ղեկավարությունը 2015 թվականին որոշում է ընդունել Թուրքիայից զենիթա-հրթիռային համակարգերը հետ կանչելու մասին, և Թուրքիայի նախագահի կարծիքով՝ հասկացնել տվել, որ աջակցություն չի ցուցաբերի Անկարային հարձակման դեպքում։ «Երբ Թուրքկան սկսեց բանակցությունները ՀՕՊ համակարգի ամրապնդման նպատակով ռուսական С-400 համալիրների գնման հարցով, ՆԱՏՕ-ի մի շարք առաջատար երկրներ սկսեցին քննադատել Անկարային»,-հավելել է նա՝ նշելով, որ այդ ամենը հաստատում է ՆԱՏՕ-ի ներսում խնդիրների առկայությունը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան ունի ազգային անվտանգության սպառնալիքների կանխման լիարժեք իրավունք, որը, նրա կարծիքով՝ գալիս է մասնավորապես քրդական PYD և PKK կազմակերպություններից։ Էրդողանը խոստացել է, որ Թուրքիան ոչ միայն կավարտի գործողությունն Իդլիբում, այլև ահաբեկիչերից կազատագրի սիրիական Աֆրին և Մյունբիչ շրջանները, որոնք վերահսկվում են PYD-ի կողմից։ «Թուրքիան հարվածներ է հասցնում ազգային անվտանգության սպառնալիքի աղբյուրներին նաև հարևան Իրաքում, այդ թվում Ղանդիլ շրջանում»,-ընդգծել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան հետ է կանչում իր զինվորականներին Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններից, քանի որ իրեն ու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին պատկերել էին որպես թշնամի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը թուրքական կողմին նամակ է ուղղել՝ հայցելով ներողամտություն։