Քաղաքականության վախճանը

Քաղաքականության վախճանը

Վանաձորի իրադարձությունները միայն արտաքուստ են սահմանափակվում տեղական կամ լոկալ նշանակությամբ, որովհետև հանրապետության երեք խոշոր քաղաքներում, ընտրական և կառավարման ինստիտուտներն, ըստ էության` խորհրդարանական համակարգի մանրապատկերն են: Վանաձորում անցած մեկ տարում տեղի էր ունենում այն, ինչ կարող է տեղի ունենալ խորհրդարանական Հայաստանում` ավելի մեծ մասշտաբով ու անդառնալի հետևանքներով: Նույնիսկ կարելի է արձանագրել, որ խորհրդարանական համակարգը Հայաստանում ոչնչացվեց` մինչև դրան պաշտոնապես անցնելը: Վանաձորում դեռ երկու օր առաջ թվում էր` ՀՀԿ-ն կորցրել է իշխանությունը պահելու բոլոր ռեսուրսները և Սահմանադրական դատարանի որոշումը միայն պետք է կոնսոլիդացներ ավագանու նիստերը բոյկոտող ընդդիմադիր եռյակին: Բայց հենց ՍԴ որոշումը դարձավ այն լակմուսը, որը բացահայտեց` ՀՀԿ-ն չի պատրաստվում իշխանությունը որևէ պարագայում զիջել` նույնիսկ մեկ քաղաքում: Նույնիսկ չենք բացառում, որ ՍԴ-ի միջոցով իշխանություններն ընդամենը դեմոկրատիա են խաղացել, այսինքն` գործ ունենք մշակված սցենարի հետ ու դատարանի «համարձակ» որոշումը հնարավոր դարձավ, որովհետև քրեաօլիգարխիայի վանաձորյան բուրգն արդեն կոնսոլիդացված էր և ուներ որոշում: «Կենսունակության» նույն պաշարը և նույնիսկ` ավելին, ունի խորհրդարանը, որտեղ «պատկառելի ընդդիմություն» կա, քանի դեռ իշխանությանը վտանգ չի սպառնում: Համակարգին ուղղված սպառնալիքը շատ արագ «դարձի» կբերի Ծառուկյանի թիմին կամ նրանից կմնա միայն ցուցանակը: Այլ խոսքով` իշխանությանն է պատկանում նաև ընդդիմության «բաժնետոմսերի» առնվազն վերահսկիչ փաթեթը, իսկ ազատ տարածքը նման է խոպանի, որտեղ հինգ տարով կարող են հայտնվել ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» կամ «Ելքը»: Հենց խոպանչու հոգեբանությամբ էլ գործում է պայմանականորեն չվերահսկվող ընդդիմությունը, որովհետև լուծում է ոչ թե տարիների, այլ` մեկ սեզոնի խնդիր` անգամ չտեղավորվելով համակարգային ստատուս-քվոյի մեջ կամ առավելագույնը` կատարելով դրա դեկորացիայի դեր: Նման իրավիճակում բլեֆ են պնդումները, թե խորհրդարանական կառավարումը նպաստելու է ժողովրդավարության զարգացմանն ու իշխանության սահուն փոփոխությանը, որովհետև հայկական իրականության մեջ նոր մոդելն առաջին հերթին ոչնչացնելու է իշխանության ձևավորման կամ փոփոխության միակ լեգալ ինստիտուտն` ընտրությունները: Ոչ թե Երևանի, Գյումրիի կամ Վանաձորի ընտրություններն են քաղաքականացվել, այլ պառլամենտի ընտրություններն են դարձել «քուչի բազար»` ռեյտինգային համակարգի հետևանքով: Ռեյտինգայինը չլինի` այլ բան կմոգոնեն, ծայրահեղ դեպքում` կհիշեն, որ Ծառուկյանն իրենց հացընկերն է` գզրոցից հանելով խորհրդարանական մեծամասնության իրական ցուցակը` 96 պատգամավորով, որպեսզի իննը «խոպանչիները» նույնիսկ ՍԴ դիմելու մասին չմտածեն: Վանաձորի իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության ֆանտազիան անսպառ է: «Ելքը» ընդդիմության պարագայում չակերտների մեջ գրվող պայմանականություն է, իշխանության դեպքում` առանց չակերտների, հոգնակի բառ: Եթե իշխանության ելքերն այդքան շատ են, ուրեմն` պառլամենտարիզմը, նույնիսկ` քաղաքականությունը մեռած են: