Թրամփի խորհրդականները նրանից թաքցնում են հարցումների բացասական արդյունքները. Politico

Թրամփի խորհրդականները նրանից թաքցնում են հարցումների բացասական արդյունքները. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան ներկայացնում են միայն այն հարցման արդյունքները, որոնցում նախագահի աշխատանքը դրականորեն է գնահատված։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ «Սպիտակ տան օգնականները հաճախ ցույց են տալիս Թրամփին հարցումները, որոնք արված են այնպես, որպեսզի բարձրացնեն նրա տրամադրությունը։ Սովորաբար դրանք այն հարցումներն են, որոնք կենտրոնացած են միայն ընտրողների վրա, ովքեր քվեարկել են 2016 թվականին Թրամփի օգտին, կամ նրա պոտենցիալ կողմնակիցների վրա»,-գրում է պարբերականը։ Թրամփն այս շաբաթ իր Twitter-ում քննարկել է Rasmussen ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ իր գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 46 տոկոսը։ Սակայն նախագահի քաղաքականությանը տրվող միջին ցուցանիշը բոլոր հարցումներով զգալի ցածր է։ RealClearPolitics կայքի հաշվարկներով՝ այն ներկայում կազմում է 38 տոկոս։ Պարբերականը գրում է, որ Թրամփը հիանալիորեն գիտի համազգային հարցումներում ցածր արդյունքների մասին և զայրանում է դրանից, իսկ հրապարակավ դրանք անվանում «կեղծ»։ Ինչպես հաստատում է պարբերականը՝ Թրամփը երբեմն որոշումներ ընդունելիս ուղղորդվում է հարցումներով։