Նախ պետք է տեղացիների ապրելակերպը բավարարել, հետո նոր հայրենադարձության մասին մտածել

Նախ պետք է տեղացիների ապրելակերպը բավարարել, հետո նոր հայրենադարձության մասին մտածել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: -Պարոն Մեսրոպյան, Սփյուռքի նախարարությունը նախատեսում է 2018-ին հայրենադարձության ծրագիր սկսել, նաև հայեցակարգի ու հայրենադարձության մասին օրենք մշակել։ Ի՞նչ եք կարծում, սա նորից թղթի վրա փաստաթուղթ չի մնա՞: Որևէ ակնկալիք ունե՞ք նման փաստաթղթից: -1946-ին, երբ ներգաղթ եղավ, այդ ժամանակ Հայաստանը սրտաբաց ընդունեց: Ճիշտ է, որոշակի դժվարություններով, բայց փաստը մնում է փաստ՝ հայրենադարձություն եղավ: Պարզ է, որ եթե հայրենադարձություն լինի, այդ տարիների նման չպետք է լինի, պետք է պայմաններ ստեղծվեն Հայաստանի կառավարության կողմից, որ հայրենադարձությունը ճիշտ ուղու վրա դրվի: -Այսօր, երբ Հայաստանում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ է, կարելի՞ է ակնկալել նման ծրագրի կյանքի կոչում: -Որ երկիր էլ գնաք, այդ երկիրն իր ներքին հարցերը կունենա: Պարզ է, որ Հայաստանն էլ ունի իր ներքին հարցերը, հայաստանաբնակ հայաստանցիների համար այդ պայմանները դեռ ամբողջովին չեն լուծվել: Նախընտրելի է, որ նախ այդ բոլոր հարցերը լուծվեն, նոր հայրենադարձություն կազմակերպեն: Իսկ շատ որոշումներ կան, որ մնացել են կամ թղթի վրա, և կան, որ իրենց լուծումը գտել են: Եվ եթե հիմա այդպիսի նախաձեռնություն կա, պետք է իրար հետ ձեռք ձեռքի տանք, որ այդ ծրագիրը հաջողվի: Հիմա այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ ամբողջ Արևելքում բոլոր հարցերը թեժանում են: Մարդիկ գալիս են այստեղ, այդ դժվարություններին երբ հանդիպում են՝ կամ հետ են վերադառնում, կամ գնում են Եվրոպա: Մենք չենք ուզում, որ գան այստեղ, մեկ-երկու տարի հետո թողնեն հեռանան: Ամենակարևորը, որ երբ մարդիկ գալիս են, լավ պայմաններ ստեղծվեն նրանց համար, չեմ ասում՝ գերազանց պայմաններ, այլ գոնե մանր կենցաղային հարցերը լուծում գտնեն, որպեսզի մարդիկ կարողանան այստեղ գոյատևել: Օրինակ՝ այստեղ մարդկանց մի քիչ դյուրինություն պետք է տան աշխատելու համար, այսինքն՝ հենց սկսեն աշխատել, հարկային դաշտը չգա սկսի հարկերը հավաքել, գոնե մինիմում մեկ տարով պետք է նրանց ազատել հարկերից, որ այդ մարդիկ կարողանան գործ անել, փող աշխատել: Եվ այս խնդիրները կարող է փոքր թվան, բայց մեծ հարցեր են: -Արդյո՞ք իշխանություններն արել են բավարար քայլեր սիրիահայերին այստեղ ընդունելու, աշխատանքով ապահովելու համար: -Նախ՝ պետք է հայաստանաբնակ ժողովրդի ապրելակերպը բավարարի կառավարությունը, հետո նոր հայրենադարձության մասին մտածի: Ամենակարևոր հարցերից մեկը սա է: Ես չեմ ասում, որ Հայաստանի կառավարությունը 100 տոկոսով խոստումներ է տվել, ինչով կարողացել են աջակցել են, մանավանդ այն հայերը, ովքեր ժամանակավոր էին եկել, 40-50 տոկոսով լուծում տվել են խնդիրներին: Չենք կարող ասել, որ Հայաստան պետությունը ընդհանրապես ձեռք չի պարզել: Առաջին հերթին գոնե կարողացան չնչին օգնություն տրամադրել, մարդկանց աշխատանք տվեցին, բուժօգնությունը անվճար էր, կառավարության ծախսերով, դպրոցներում ընդունեցին: Այս փոքր հարցերը լուծում ստացան, կան հարցեր, որոնց հետ կապված մի փոքր օգնություն եղավ սիրիահայերին: Եվ դա չենք կարող անտեսել: Շատ սիրիահայ ընտանիքներ գիտեմ, որոնց տարբեր կազմակերպություններ մինչև այսօր էլ օգնություն են տալիս: Պետությունն էլ իր հերթին ինչով կարողանում է, լուծումներ գտնում է: Այնպես չէ, որ մեզ լրիվ անտեսել են: -Կարծում եք՝ սփյուռքահայերը ցանկություն ունե՞ն գալ Հայաստանում հաստատվել՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնց կարող են բախվել Հայաստանում: -Ես գիտեմ մարդիկ, որ Եվրոպայից, ԱՄՆ-ից եկել են Հայաստան հաստատվել: Իհարկե մատների վրա հաշված են նրանք, մեկ կամ երկու ընտանիք են, բայց սիրիահայերի մասին կարող եմ ասել, որ սիրիահայերը մեծ ցանկություն ունեն գան այստեղ ապրեն, բայց առաջին հերթին իրենց ընտանիքի, գործերի մասին են մտածում, որ գան այստեղ գոնե աշխատանք ունենան, աշխատեն, ընտանիք պահեն: Իսկ այդ դժվարությունը կա, և դա պետք է լուծում գտնի: Չգիտեմ՝ կառավարությո՞ւնը, թե՞ պետությունը պետք է այս խնդիրներին լուծում տա: -Այս առումով, Դուք իրատեսակա՞ն եք համարում 2040 վականին 4 միլիոն բնակչություն ունենալու՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: -Ճիշտ է, նախագահը հայտարարեց, որ չորս միլիոն բնակչություն պետք է լինի 2040 թվականին, բայց չբացեց փակագծերը: Այ, եթե այդ փակագծերը բացվեին, իմանայինք՝ ինչի հիման վրա է այդ չորս միլիոնը լինելու, այդ մասին կմտածեինք: Ես հիմա չեմ պատկերացնում, որ 2040-ին չորս միլիոն կունենա՞նք, թե՞ կես միլիոն կունենանք: