Հասարակության մի մասն այդ պրոպագանդայի զոհն է. ռուսական ալիքները պետք է տեղափոխել կաբելային ցանց

«Ռուսական հեռուստաընկերությունների տեղեկատվական և քաղաքական հաղորդումները բացահայտ պրոպագանդա են։ Դա արդեն վանել է հայաստանյան լսարանի մեծ մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը։ Մեր զրուցակիցը նշում է՝ լավ կլիներ, եթե այս ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկեր նաև պետությունը։ «Օրինակ՝ այդ ալիքները փորձեր տանել կաբելային ցանց։ Նրանք, ովքեր չեն կարող ապրել առանց ռուսական հեռուստաալիքների՝ թող այդ դաշտից օգտվեն։ Բաց լսարանի համար դրանք վտանգավոր հաղորդումներ են։ Նրանք, ովքեր չեն կարողանում լավ կողմնորոշվել ինֆորմացիոն հոսքում՝ կարող են դառնալ այդ պրոպագանդայի զոհը, զոմբիանալ»,- ընդգծեց Աշոտ Մելիքյանը՝ միևնույն ժամանակ շեշետելով, որ այդ ալիքների հեռարձակումը, առհասարակ արգելելուն, ինքը կողմնակից չէ։ Աշոտ Մելիքյանը նաև նշում է, որ այժմ ռուսական պրոպագանդայի ազդեցությունը նվազում է, 20 տարի առաջ ավելի ուժեղ էր. «Այն քննարկումները, որ կազմակերպվում են ռուսական ալիքներով՝ պարզապես լրագրության, էթիկայի, մարդկային բոլոր նորմերի խախտում է։ Պարբերաբար տեղեկություն է ստացվում, որ այսպես կոչված ընդդիմախոսները ևս գումար են ստանում այնտեղ դեր տանելու համար։ Հակառակ դեպքում՝ եթե մի փոքր ինքնասիրություն ունենային՝ նորից այս ստուդիա չէին գնա ու այդ հաղորդումներին չէին մասնակցի։ Ուստի հեռուստադիտողը մտածում է՝ որքանո՞վ է դա ռեալ։ Իհարկե, մտածող հեռուստադիտողին դա վանում է»։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։