Պուտինյան մարքս-լենինիզմը կամ Հայաստանի եվրոպական շանսը

Պուտինյան մարքս-լենինիզմը կամ Հայաստանի եվրոպական շանսը

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նոյեմբերի 12-ին հանդիսավոր բացվել է Վլադիմիր Լենինի կիսանդրին, որը տեղադրվել է երկրի գլխավոր ազգային հերոս Բոլիվարի անվան հրապարակում: «Մենք ասում ենք Լենինին՝ եկե՛ք մեզ հետ: Այս ժողովուրդը ևս քոնն է: Կեցցե՛ Լենինը, կեցցե՛ Տրոցկին, կեցցե՛ն Չավեսն ու Մադուրոն»,-հայտարարել է Մադուրոն: Ռուսաստանն այն սակավաթիվ երկրներից մեկն է, որ աջակցում է միջազգային մեկուսացման մեջ հայտնված Վենեսուելայի իշխանություններին: Ռուսաստանում վաղուց կոմունիստական իշխանությունը տապալված է, սակայն Վլադիմիր Պուտինի կայսերական քաղաքականության ամրապնդմանը զուգահեռ այդ երկրում նկատվում է բոլշևիկյան գործիչների նկատմամբ պաշտամունքի աճ, կոմունիստական արժեքների ռեստավրացիա: Այս ամենն իսկապես վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանում կայսրության գաղափարը վերածնունդ է ապրում: Մյուս կողմից` Պուտինի իշխանությունը չունի հստակ գաղափարա-քաղաքական դիմագիծ և պատահական չէ, որ թե Ռուսաստանի հասարակությունը և թե ռուսական ազդեցության տակ գտնվող երկրներում ռուսական կայսրության թեզը նույնացնում են կոմունիստական գաղափարախոսության, նրա գործիչների պաշտամունքի հետ: Երբ Մադուրոն տեղադրում է Լենինի կիսանդրին, նա շնորհակալության ժեստ է անում Վլադիմիր Պուտինի ուղղությամբ: Կամ երբ ամիսներ առաջ Երևանում փակվեց ստալինյան բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը, դա նույնպես հավատարմության ժեստ էր ոչ թե ստալինականությանը, այլ` պուտինիզմին: Պուտինի ստեղծած կայսրությունը կամ Մոսկվայի տիրապետությունը կառուցված չեն ռացիոնալ արժեքների, կրեատիվ գաղափարների վրա և հիմնված են տոտալիտար գաղափարախոսության, ռեպրեսիվ մշակույթի վրա: Նույնիսկ տեսականորեն ռուսական տիրապետությունը կամ կայսրությունը հիմնված են ոչ թե զարգացման, ապագայի տեսլականի, այլ անցյալը վերակենդանացնելու փորձերի վրա: Դա է պատճառը, որ Ռուսաստանի ազդեցության տակ հայտնված երկրներին սպառնում է իզգոյացման, քաղաքակրթական լուսանցքում հայտնվելու վտանգը: Այս լույսի ներքո Հայաստանի համար կենսական է դառնում Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Այն ոչ միայն պրակտիկորեն նպաստելու է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացիային, այլև Հայաստանը դուրս է բերելու ռուսական կամ եվրասիական «քաղաքակրթական ճահճից»: Հեռու ենք Արմեն Աշոտյանի արտահայտած այն մտքից, թե հնարավոր է կառուցել եվրոպական երկիր` լինելով ԵՏՄ անդամ, որովհետև մարքս-լենինյան «բեռով» հնարավոր չէ ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին: Մյուս շաբաթը շրջադարձային կարող է լինել Հայաստանի զարգացման համար: Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը Հայաստանի ապագաղութացման բացառիկ շանսն է, եթե նույնիսկ այդ մասին չի բարձրաձայնվում: