Յեշյո նի վեչեր. Եթե ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրվի, Հայրիկյանն ինքն իրեն կպատժի

«Ես մնում եմ խոսքիս տերը. եթե ի նպաստ Հայաստանի ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրվի, ես ինձ կպատժեմ, կցանկանայի սխալ դուրս գալ, և քաղաքակիրթ աշխարհի հետ մերձենալու գոնե այդ ցածր մակարդակի համաձայնագիրը ստորագրվեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հիշեցնելով, որ ասել է՝ եթե համաձայնագիրը ստորագրվի, ինքը վեց ամիս լրատվամիջոցներով չի խոսի։ Ըստ նրա՝ վաղ է ասել, թե Մոսկվայից խոչընդոտներ չկան։ «Ռուսական մի երգ կա, ասում է՝ Ещё не вечер. դեռ երեկոն չի եկել, մինչև երեկո պիտի սպասենք, որովհետև, ինչպես գիտենք, կարևոր հարցերը իրենց ընթացքն են ստանում, կամ այդ հարցերի պատասխաններն են հնչում վերջին գիշերը։ Ես Եվրոպական միության հետ հարաբերությունների մերձեցման կողմնակից եմ, իսկ ԱԻՄ-ը դա կանոնադրորեն է արձանագրել, որ մեր հիմնական նպատակներից մեկն է Հայաստանը այնպիսի երկիր դարձնել, որ ԵՄ անդամ դառնալու արժանի լինի, անկախ նրանից՝ անդամ կդառնա, թե ոչ։ Խոսքը ոչ այնքան ԵՄ-ին է վերաբերում, չնայած դա այսօր կայացած քաղաքակրթական ամենալուրջ միավորումն է, այլև նրան, որ հայ ժողովուրդը բնականաբար շահեկան վիճակում կլինի, եթե լինի քաղաքակիրթ աշխարհի հետ։ Ես կողմ եմ այդպիսի առաջընթացին, ոչ միայն համաձայնագրին, այլև նրան, որ դառնան ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի անդամ, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Բայց գիտեմ, թե Հայաստանը ինչ իշխանություններ ունի, քաղաքացիների իրավունքը զանգվածաբար ոտնահարող իշխանությունները, երկրում քաղաքական կալանավորներ ունեցող իշխանությունները, անցյալում կամ 4 տարի առաջ մի գիշերվա մեջ ստրատեգիական՝ ռազմավարական կողմնորոշումը փոխող իշխանությունները այսօր դեռ ազատագրված չեն, ինչ-որ հրաշք տեղի չի ունեցել, որ երեկվա ԿԳԲ-ի գործակալները այսօր հանկարծ դարձած լինեն ազատամիտ հայեր։ Եթե անգամ ինչ-որ բան միջազգային մակարդակով ստորագրեն, դա կանեն հետին պլաններով, ինչ-որ պայմանավորվածություններով»,- ընդգծեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում: