Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում

Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում

Ադրբեջանցիների հայատյաց քաղաքականությունը, որի սկիզբը դրվեց 1988թ. Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայ բնակչության ջարդերով, շարունակվում է նաև մեր օրերում: Նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը, ով Բաքվի փախստական է: «Սումգայիթի ջարդը Բաքվում մեր կյանքի վերջի սկիզբն էր, մեր մանկության վերջի սկիզբն էր: Ադրբեջանի ղեկավարությունն ամբոխին ուղարկեց հայերին կոտորելու, Բաքվում, Կիրովաբադում, Սումգայիթում: 30 տարի է անցել այդ իրադարձություններից, սակայն ես գիտեմ, որ այդ գազանություններն ադրբեջանցիների կողմից շարունակվում են հայերի դեմ Արցախում և ողջ աշխարհում: Դրա համար ես կարծում եմ, որ աշխարհասփյուռ հայությունը երբեք չպետք է մոռանա այդ ողբերգական իրադարձությունները, որովհետև մեր մոռանալու դեպքում այդպիսի հանցագործությունները կկրկնվեն»,- ասաց նա: Նրա խոսքով` չնայած հայերին բնաջնջելու Ադրբեջանի ցանկությանն ու փորձերին, հայ ազգը կա ու շարունակում է զարգանալ: «Իսկ նրանց կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները չեն մոռացել ու չեն մոռանա ոչ աշխարհում սփռված հայերը, ոչ էլ այլ պետությունները»,- ընդգծեց Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը: Նա նաև հայտնեց, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կայացել է իր հեղինակած «Գաղթ դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը, որում պատմվում է 1988-1992թթ Ադրբեջանում հայերի կոտորածների մասին: Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը 1988թ. եղել է 11 տարեկան և ականատես է եղել Բաքվում հայերի ջարդերին: Նա իր տեսած վայրագությունները նկարագրել է իր օրագրում, որի հիման վրա էլ հեղինակել է «Գաղթ դեպի անհայտություն» գիրքը: