Համաձայնագիրը կստորագրվի, բայց վատ է, որ կախված ենք Ռուսաստանի քմահաճույքից

«Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը կամ չստորագրումը հարցի մի կողմն է։ Ամենացավալին այն է, որ Հայաստանը հայտնվել է մի վիճակում, որ յուրաքանչյուր որոշում կայացնելը կարող է նման ծանրություն ունենալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ մտահոգիչ է, որ Հայաստանի որոշումների կայացումը միայն Հայաստանին չի պատկանում. «Մեր ռուս գործընկերներն ասում են, որ այս անգամ խնդիր չի լինի։ Միևնույն ժամանակ ասում են, որ Ռուսաստանն ունի իր շահերը, և ուրիշ երկրներ պետք է այդ շահերը հաշվի առնեն։ Ինձ համար դա տարօրինակ է՝ այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը հաշվի չի առնում Հայաստանի շահերը։ Իսկապես շատ վատ վիճակ է ստեղծված, թեպետ ես վստահ եմ, որ ստորագրման առումով գոնե այս պահին խոչընդոտ չկա»։ Մեր զրուցակիցը շարունակում է. «Ընդ որում, նա կարող է քեզ ուղիղ չասել՝ ուզո՞ւմ է, որ ստորագրես, թե՞ ոչ։ Դու պետք է հասկանաս՝ ուզո՞ւմ է, թե՞ ոչ։ Երբ 2013-ին Սերժ Սարգսյանն ասում էր, որ անվտանգության խնդիր կա՝ նկատի չուներ Ղարաբաղյան հիմնահարցը։ Եթե Ռուսաստանը դժգոհ մնա Հայաստանի որոշումից, ապա Ռուսաստանը կարող է ոչնչացնել Հայաստանը, շատ լուրջ խնդիրներ ստեղծել։ Սա շատ մտահոգիչ է։ Դու տառացիորեն Ռուսաստանի քմահաճույքից ես կախված՝ ինչպես իրեն հարմար կլինի»։ Միևնույն ժամանակ փորձագետը նշում է, որ Ռուսաստանում մտահոգություններ կան, որ «Հայաստանը կարող է իր «տակից փախնել». «Իրենք հակառակը՝ Հայաստանը համարում են արևմտամետ երկիր ու կարծում են, որ Հայաստանն անընդհատ ուզում է իր «տակից փախնել»։ Մտավախություն ունեն, որ այստեղ կան հակառուսական տրամադրություններ, ու այստեղ շատացել են արևմտյան արժեքներ կրողները։ Իհարկե, ոչ բոլորն են Կրեմլում այդպես մտածում, բայց կան մտահոգություններ»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: