Հեղափոխություն հայկական ֆուտբոլում. ո՞ր բևեռն է ավելի նախընտրելի

Հեղափոխություն հայկական ֆուտբոլում. ո՞ր բևեռն է ավելի նախընտրելի

Երեկ հայտնի դարձավ, որ ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Ավելի վաղ, Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում, ինչպես նաև ակումբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր զետեղվել, որի համաձայն՝ այս տարվա դեկտեմբերից թիմին հովանավորչական աջակցություն կցուցաբերի «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Հնարավոր է՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր», նշված էր հայտարարության մեջ: Նշվում էր նաև, որ հովանավորչական այս հզոր ներդրումը կնպաստի Հայաստանի չեմպիոնի առաջընթացին և լավ նախադրյալներ կստեղծի, որպեսզի հայկական ակումբն առաջիկայում մրցունակ ելույթներ ունենա եվրոպական մրցասպարեզում և բարձր արդյունքներ արձանագրի՝ ուրախացնելով երկրպագուներին: Հասարակության շրջանում խոսակցություններ էին շրջանառվում, որ «Տաշիր Գրուպ»-ը պատրաստվում է «Ալաշկերտը» դարձնել սուպեր-ակումբ, որն ի զորու կլինի մարտահրավեր նետել Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղին»: Երբ մեր երկրում ոգևորության մեծ ալիք բարձրացրավ, հայտարարությունը չգիտես ինչու, անհետացավ թե՛ «Ալաշկերտի» պաշտոնական կայքից և թե՛ ֆեյսբուքյան էջից: Ակնհայտ էր, որ հայտարարությունը չէր կարող ինքն իրեն անհետանալ: Տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ Սամվել Կարապետյանի «Ալաշկերտ» ակումբի հովանավոր դառնալու հետ կապված խոչընդոտներ են առաջացել: Նույնիսկ խոսվում էր, որ Սամվել Կարապետյանը հետ է կանգնել «Ալաշկերտի» հովանավորը դառնալու մտադրությունից: Իրականում Սամվել Կարապետյանը կստանձնի նաև «Ալաշկերտի» հովանավորի դերը թե ոչ, դժվար է ասել: Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մոտ 10 տարի գլխավորել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան և այդ 10 տարիների ընթացքում մեր ըմբիշները լուրջ հաջողություններ են ունեցել միջազգային ասպարեզում և Օլիմպիական խաղերում: Ու թեև ըմբշամարտը Հայաստանում տասնամյակներ շարունակ բավական բարձր մակարդակի վրա է, այդուհանդերձ այս մարզաձևն իր գրավչությամբ և մասսայականությամբ չես համեմատի ֆուտբոլի հետ: Նույնիսկ աշխարհի առաջնության գոտեմարտերը չեն կարող մարզահամալիր բերել 10 հազարից ավելի հանդիսականներին: Իսկ ֆուտբոլը... Երբ Հայաստանի ազգային հավաքականը մի քանի հանդիպում հաջող է խաղում, մարզադաշտ այցելելու ցանկություն է հայտնում ֆուտբոլասերների մի հզոր բանակ: Հիշենք 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը, երբ «Հրազդան» մարզադաշտ էին եկել 30 հազարից ավելի ֆուտբոլասերներ: Հետևաբար, Կարապետյանի որոշումը տրամաբանական և հեռանկարային կարելի է համարել: Ֆուտբոլը հզոր մի ուժ է, որը միավորում է հասարակության բոլոր շերտերին: «Արարատ» ակումբի երեկվա հայտարարությունն իրականում հեղափոխություն էր հայկական ֆուտբոլում: Կարծում ենք՝ հասկանալի է, որ Կարապետյանը մոսկովյան ակումբի նախագահ չի դարձել պարզապես այդ պաշտոնը զբաղեցնելու համար: «Արարատն» այսուհետ ներկայացնելու է «Տաշիր Գրուպ-ը» և Կարապետյանի կողմից ամեն ինչ արվելու է, որ թիմը լուրջ հաջողությունների հասնի և հեղինակություն վայելի: Կարճ ժամանակահատվածում, «Արարատին» հաջողվել էր դառնալ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների սիրելի թիմը: «Արարատի» խաղերը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Հայաստանում, քանզի Երևանի «Արարատը» և հայկական մյուս 5 ակումբներն ծանր վիճակում են գտնվում: Վերջին 10 տարիներին հայկական ֆուտբոլում որևէ լուրջ ներդրում չի արվել: Հայաստանի ազգային հավաքականն էլ վերջին շրջանում ուղղակի խայտառակ է ելույթ ունենում ընտրական փուլերում:  Ֆուտբոլասերի միակ ուրախությունն այսօր Հենրիխ Մխիթարյանն է: Կարճ ասած՝ այս դժգույն ֆոնին Սամվել Կարապետյանի մուտքը ֆուտբոլ էապես կփոխի իրավիճակը: Համենայնդեպս, հուսահատված ֆուտբոլային հասարակությունը կունենա լուրջ թիմ: Այսօր հայկական ֆուտբոլում ստեղծվել է երկու բևեռ՝ ֆուտբոլի ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ և «Արարատը», որի նախագահը Սամվել Կարապետյանն է: Իսկ թե, որ բևեռն ավելի նախընտրելի կլինի ֆուտբոլասերների կողմից, ցույց կտա ժամանակը: Մոտ օրերս կարծում ենք՝ ավելի հստակ կլինեն Կարապետյանի նպատակներն «Արարատի» և «Ալաշկերտի» հետ կապված: