Նոր ինտրիգ՝ Վանաձորի քաղաքական կյանքում. ՀՎԿ-ն կդադարեցնի՞ բոյկոտը. ՀԺ

Նոր ինտրիգ՝ Վանաձորի քաղաքական կյանքում. ՀՎԿ-ն կդադարեցնի՞ բոյկոտը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոր քաղաքական ինտրիգ է հասունանում վանաձորյան քաղաքական կյանքում: Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու՝ մինչ օրս գումարված նիստերը Սահմանադրական դատարանը ոչ իրավազոր ճանաչեց, իսկ այդ նիստերի ընթացքում կայացված որոշումները՝ ոչ օրինական: Դրանից հետո Վանաձորում իսկական իրարանցում է սկսվել: Խնդիրն այն է, որ ՍԴ որոշմամբ, Վանաձորի ավագանու նիստերը ոչ իրավազոր են եղել, քանի որ դրանք հրավիրվել են փոքրամասնության՝ ՀՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչների՝ 15 հոգու կողմից: Ավագանու մյուս 17 անդամները՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել էին նիստերը: Ու հիմա, որպեսզի իրավազոր համարվի  նոյեմբերի 23-ին հրավիրված նիստը, անհրաժեշտ է, որ այնտեղ ներկա գտնվեն ավագանու՝ նվազագույնը ևս 2 այլ անդամներ: Վանաձորից մեզ հասած հավաստի տեղեկություններով, չի բացառվում, որ գալիք նիստին Վանաձորի ավագանու որոշ ներկայացուցիչներ, ովքեր նախկինում բոյկոտում էին ավագանու նիստերը, մասնակցեն նոյեմբերի 23-ի նիստին: Այս նպատալով ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, ակտիվ բանակցություններ են տանում: Թե ում հետ են բանակցում Մամիկոն Ասլանյանն ու նրա թիմակիցները, դեռ գաղտնի է պահվում: Այնուամենայնիվ՝ Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Վանաձորում քաղաքապետի պաշտոնի նախկին հիմնական հավակնորդ Քրիստ Մարուքյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ իրենք նորից բոյկոտելու են նոյեմբերի 23-ին նախատեսված նիստը: «Թե որ երկուսի մասին է խոսքը, չեմ կարող ասել, բայց մինիմում երկու այլ ավագանու անդամների ներկայություն փորձելու են ապահովել, որպեսզի ավագանու նիստ գումարելու համար անհրաժեշտ նվազագույն 17 հոգու ներկայություն ապահովեն»,-  ասաց Քրիստ Մարուքյանը: Այս լուրը ճշտել չհաջողվեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից: Վանաձորի քաղաքապետը մեզ ասաց, որ ինքը անձնական հարցերով խիստ զբաղված է, և ավելի ուշ կպատասխանի մեր հարցերին: ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները որոշել են շարունակել բոյկոտն ու նոյեմբերի 23-ի նիստին չեն մասնակցելու: Այլ հարցերի Վանիկ Էլիզբարյանը չպատասխանեց: Ինչ վերաբերում է Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներին, ապա նրանցից որևէ տեղեկություն ճշտել չհաջողվեց: Նրանցից ոմանք սկզբում նշեցին, թե ավելի ուշ կկապվեն մեզ հետ ու կպատասխանեն մեզ հետաքրքրող հարցերին, դրանից հետո, արդեն մի քանի օր է՝ կա՛մ անհասանելի են, կա՛մ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նոյեմբերի 23-ին հրավիրված նիստին իրենց կուսակիցների մասնակցել-չմասնակցելու հարցի վերաբերյալ «Հայկական վերածնունդ» կուսակցության  մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը նույպես հստակ պատասխան չտվեց: Նա նախ խոստացավ ավելի ուշ պարզաբանումներ ներկայացնել, այնուհետև անհասանելի դարձավ: Այնպես որ, Վանաձորի ավագանու նոյեմբերի 23-ի նիստում բացառված չեն անակնկալները, ինչպես որ դրանք եղան Վանաձորում ավագանու անդամների կողմից քաղաքապետ ընտրելու ժամանակ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: