Եվրասիական Հայաստան, եվրոպական համաձայնություն

Եվրասիական Հայաստան, եվրոպական համաձայնություն

«Հանուն Հայաստան Պետության ճակատը», որը միավորում է Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներին, այսօր հայտարարությամբ ողջունել է ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը դարձել է այն եզակի փաստաթուղթը, որը կոնսենսուսի է բերել Հայաստանի խորհրդարանի բոլոր կուսակցություններին` անկախ ներքին հակասություններից, անգամ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներին, որոնց առնվազն մի մասը պատրաստ է իշխանափոխության` անգամ զինված ապստամբության միջոցով: Այսինքն` եվրաինտեգրացիան փաստորեն Հայաստանի արտաքին քաղաքականության միակ ուղղությունն է, որտեղ Հայաստանում մեծ կոնսենսուս է` անգամ այնպիսի ուժերի միջև, որոնց մեկտեղումը դժվար պատկերացնելի է անգամ տեսականորեն: Նույնիսկ եվրասիականությունը, որը գերակայություն է Հայաստանի արտաքին քաղաքականության համար, նման կոնսենսուս չունի, որովհետև խորհրդարանի չորս ուժերից մեկը` «Ելք»-ն անգամ նախաձեռնել է ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության չեղարկման գործընթաց, իսկ արտահամակարգային ընդդիմության համար ապագաղութացումը հռչակված է՝ պայքարի գերակա ուղղություն: Քաղաքական նման ստատուս-քվոն սկզբունքորեն պետք է բացառեր Հայաստանի ներկայությունը ԵՏՄ-ում, եթե, իհարկե, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքն անկեղծ են եվրաինտեգրման իրենց ձգտումների, դիրքորոշումների մեջ: Սակայն մենք հիշում ենք, որ երկու ամիս առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր ԵՏՄ հարցը, ՀՀԿ գործիչները Հայաստանի եվրասիականացումը համարում էին այլընտրանք չունեցող: Ե՞րբ էին հանրապետականներն անկեղծ` երկու ամիս առա՞ջ, երբ ունենում էին նման ելույթներ, թե՞ հիմա, երբ անվերապահ պատմականություն են հաղորդում նոյեմբերի 24-ին: Գուցե պարադոքսալ հնչի, սակայն շատ հնարավոր է` ՀՀԿ-ն երկու դեպքում էլ անկեղծ է, միևնույն ժամանակ` երկու դեպքում էլ խաղում է: Եվրասիականությունը ՀՀԿ-ի ընտրությունը չէ, նրան հասցեագրված շանտաժն է, որի առանցքով գործում է Հայաստանի իշխանությունը` ռուսական գաղութատիրության համակարգում: Նույն տրամաբանությամբ` եվրաինտեգրացիան չի կարող ՀՀԿ-ի քաղաքակրթական ընտրությունը լինել, որովհետև այս կուսակցությունը սկզբունքորեն դեմ է մրցակցությանը` քաղաքական և տնտեսական հարաբերություններում: Եվրաինտեգրումը ՀՀԿ-ի «արհեստական շնչառության» շանսն է` եվրասիական ճահճում չխեղդվելու համար: Նույն կոնտրաստը բնորոշ է կոալիցիոն ՀՅԴ-ին, «այլընտրանքային» ԲՀԿ-ին: Եթե եվրասիական Հայաստանում գործում է եվրոպական կոնսենսուս, ապա դա կարող է երկու բացատրություն ունենալ․ կամ Հայաստանի քաղաքական համակարգը, հատկապես իշխանությունները խոստովանում են, որ Հայաստանին եվրասիականությունը պարտադրված է, կամ էլ` մեր քաղաքական համակարգն ու հասարակությունը սկզբունքորեն այնքան դեգրադացված են, որ արտաքին և արժեքային կողմնորոշումները ստորադասված են կոնյուկտուրային: Տվյալ դեպքում գործ ունենք «և, և»-ի հետ, որը, ի տարբերություն եվրասիականության և եվրաինտեգրման մեկտեղման Հանրապետականի «և, և»-ի, միանգամայն իրական է, որովհետև գործ ունենք թե՛ ռուսական տոտալ ճնշման և թե՛ մեր քաղաքական համակարգի անպատասխանատվության, հասարակության անտարբերության հետ: 2013-ին, երբ Հայաստանը մեկ գիշերվա մեջ ուրացավ եվրաինտեգրմանը, դրա դեմ ընդվզեց մի քանի տասնյակ քաղաքացի: Նույնը կլինի այսօր, եթե ինչ-որ պատճառով, նոյեմբերի 24-ին, համաձայնագիրը չստորագրվի: Նույն կերպ, եթե մեկ գիշերվա մեջ Հայաստանը հրաժարվի ԵՏՄ-ից, ապա փողոց դուրս չեն գա մեր ռուսասերները: Հայաստանը սկզբունքորեն վերածվել է այլընտրանք չունեցող երկրի, սակայն խնդիրը նույնիսկ մեր արտաքին քաղաքական սխալ կողմնորոշումն ու ռուսական շանտաժը չէ, այլ` Հայաստանի քաղաքական համակարգի, հանրային մտածողության որակը: