«Ծեծված շների» մթնոլորտ. Սարգսյանը Պուտինին հարցրել է՝ այս տխուր ու մռայլ վիճակում ես այդ երկրին տե՞ր եմ, թե՞ ոչ

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ: Պարոն Սարգսյան, օրերս Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ անդրադարձ է եղել նաև Ղարաբաղյան հակամարտությանը։ Կարծում եք՝ առաջիկայում այս ուղղությամբ զարգացումներ կլինե՞ն։ - Առաջին հայացքից այնպիսի տպավորություն ստացա, կարծես, կոպիտ ասած, «ծեծված շների» մթնոլորտ լիներ։ Անցած 10 օրվա ընթացքում շատ կարևոր իրադարձություններ են եղել՝ թվում է, թե նախատեսվող մի շատ կարևոր քաղաքականություն տապալվեց։ Եթե հիշում եք՝ օրերս մեծ աղմուկ բարձրացավ, որ Հայաստանը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից և, փաստորեն, ինչ-որ ակտիվություն սկսվեց։ Նկատի ունեմ՝ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա ուղղությամբ, հավանաբար հիշում եք Էրդողանի հայտնի հայտարարությունը։ Սակայն հանկարծակի այդ ամենը տապալվեց, ինչպես շատերն են նկատել՝ Միացյալ Նահանգների կողմից։ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանը հստակ հայտարարեց, որ ամեն ինչ նույնն է մնում։ Հետո արդեն ԵԱՀԿ վերջին արտգործնախարարների ժողովում ԱՄՆ ներկայացուցիչը պարզ ու հստակ ասաց, որ Ղարաբաղի հարցում կարևորագույն և կենտրոնական խնդիրը մնում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը։ Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանի ներկայացուցիչը անմիջապես դա կրկնեց։ Էրդողանի ջանքերը տապալվեցին, այլևս ոչինչ չկար Ռուսաստանում խոսելու, Ալիևի վերջին «ոռնոցն» էլ հենց վկայությունն էր այն բանի, որ ամեն ինչ տապալվել է։ Տարբեր հայտարարություններ եղան, որ դուրս կգան ԵԽ-ից, ամեն գնով Ղարաբաղը կվերցնեն։ Այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ մի նշմարվող գիծ տապալվել է։ Հայաստանում շատերը դա չեն հասկանում։ Պարզվեց, որ այս եռյակը կամ նույնիսկ քառյակը՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան և Հայաստանի ղեկավարության որոշ օղակներ, ընդհանրապես ոչինչ չեն որոշում։ Դրա համար էլ Մոսկվայում այդպիսի մթնոլորտ էր, ոչինչ չկար խոսելու։ - Ներքաղաքական իմաստով այդ հանդիպումն ի՞նչ խնդիրներ լուծեց, արդյո՞ք անդրադարձ է եղել նաև 2018-ի հայտնի հարցին։ - Իհարկե հիշել են այդ մասին, Հայաստանում ներքին փոփոխություններ են սպասվում։ Գուցե Ռուսաստանի նախագահը գտնում է, որ այդ փոփոխությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է արվեն։ Դրանք շատ էական բաներ են։ Երևի Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ այդ տխուր իրավիճակում ես այդ երկրին տե՞ր եմ, թե՞ ոչ։ Անգամ դա նա չի կարող որոշել, ուրիշներն են որոշում։ Կարող է ասեն ՝ դու չես, մյուսն է։ Տապալված է երկրի քաղաքականությունը։ Հնարավոր չէ անընդհատ զիջել, կորցնում ես սեփական դիրքերդ։ Դրա համար էլ լացելով գնում հարցնում են՝ ե՞ս եմ, թե՞ ոչ։ - Ձեր կարծիքով՝ Մոսկվան Հայաստանի վարչապետի մասով նախընտրություններ ունի՞։ Հաճախ նշվում է, որ մոսկովյան որոշ շրջանակներ նախընտրում են Կարեն Կարապետյանին, կան նաև տեսակետներ, որ, լավից-վատից, այս ընթացքում աշխատել են Սերժ Սարգսյանի հետ։ - Տարբեր հեքիաթներ անընդհատ պատմում են, բայց ըստ իս՝ իրենց ավելի շատ մտահոգում է՝ ում շնորհիվ իրենց խնդիրներն ավելի լավ կլուծեն այստեղ։ Սերժ Սարգսյանը, եթե լավ վիճակում լիներ՝ Կարեն Կարապետյանին այստեղ չէր բերի։ Սա օլիգարխիկ համակարգ է, այդ համակարգի միակ ուժը փողն է։ Երբ պարզվեց, որ էլ գումար չկա, ինչ հնարավոր է՝ թալանել են, բնական է, որ Սերժ Սարգսյանը պետք է դիմեր ռուսական կապիտալին ու հույսը դներ այդ կապիտալի վրա։ Բնական է՝ ով փող ունի, տեր է։ Օլիգարխիայի թուլությունը դա է՝ քանի փող կա, ինչ-որ բան ես ներկայացնում, հենց արդեն չկա՝ ոչինչ ես։ - Վերջերս Սամվել Կարապետյանը և «Ներդրողների ակումբը» հայտարարեցին Հայաստանում մեկ միլիարդ ներդրում անելու մասին։ Ձեր կարծիքով՝ փոքր երկրի համար դա վտանգավոր մեծ թիվ չէ՞ ռուսաստանահայ օլիգարխի կողմից։ - Օլիգարխիան որտեղից սնվում, այնտեղից էլ կառավարվում է։ Հիմա ես ի՞նչ իմանամ՝ դա ում մեկ միլիարդն է կամ այն տասնյակ միլիոնները, որ տարբեր հայկական կազմակերպությունների, «Հայաստան» հիմնադրամի միջոցով գալիս հասնում են Հայաստան՝ ո՞ւմ են իրականում պատկանում։ Արդյոք դա քաղաքական աջակցություն է Ռուսաստանի կողմից։ Քաղաքագիտական տեսակետից դա գաղտնիք չէ, ինֆորմացիոն տեսակետից է գաղտնիք, չգիտես՝ ինչո՞ւ են այդ գումարները գալիս։ Բայց պարզ է, որ քաղաքական հարցերը լուծվում են այս պրոցեսի մեջ։ Իրական ներդրում չկա, ժողովրդից, պետությունից կտրված մի պրոցես է և գլխավոր խնդիրը հենց սա է։ - Սկզբում այս ներդրումներով բավականին ոգևորված էր վարչապետը, հիմա Սերժ Սարգսյանն է այդ մասին անընդհատ բարձրաձայնում, իսկ Կարեն Կարապետյանը նույնիսկ հայտարարությանը ներկա չէր։ Կարծում եք՝ ինչ որ բա՞ն է փոխվել համակարգի ներսում։ - Բնական է, որ Սերժ Սարգսյանը պետք է ասի՝ ես եմ այդ գումարների տերը, վարչապետն էլ կասի՝ ես եմ։ Բայց ոչ ոք էլ այդ գումարների տերը չէ։ Եթե իրենք լինեին՝ իրենց գրպանից պետք է հանեին ու դնեին սեղանի վրա, բայց չունեն։ Երկրի սննկացումն է բերել այս վիճակի։ -Կարծում եք՝ ռուսաստանահայ օլիգարխները նախապատվություն կունենա՞ն 2018-ի վարչապետի հարցում։ - Կարող է։ Մարդիկ կուզենան քաղաքականություն անել։ Ես ընդամենը նկատում եմ, որ իրենց ի հայտ գալը պայմանավորվածությունների հետ է կապված։ Ասում են՝ իրենք միայն տնտեսությամբ են հետաքրքված և իրենց չի հետաքրքրում անվտանգության հարցերը, բայց դա ոչինչ չի նշանակում․ դա երեկ էր, այսօր կարող է ուրիշ բան լինել։ Այդ մարդկանց Աստվածը փողն է, ուրիշ Աստված չունեն։