«Եթե զենքերը կրակեին, մեղավորը Կուտոյանն էր լինելու». Սեֆիլյանի գործը ԱԱԾ սցենարով է «հրահրվել»

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ Շենգավիթի դատարանի ապակեպատ դահլիճում շարունակեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական քննությունը: Ամբաստանյալի աթոռին են Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նիստի սկզբում հայտարարեց, որ Գևորգ Սաֆարյանը ՔԿՀ խցում ենթարկվել է ծեծի: Գևորգ Սաֆարյանը դատարանի դահլիճում չէր, նախորդ նիստում նախագահող Տաթևիկ Գրիգորյանը նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել ու չորս ժամով հեռացրել էր դատարանի դահլիճից: Չորս ժամը լրացավ արդեն այս դատական նիստին: Գևորգ Սաֆարյանին բերեցին դատարանի դահլիճ: Սաֆարյանի ճակատին ու գլխի գագաթային մասում կային բռնության հետքեր: Դատական նիստին չէր ներկայացել Գևորգ Սաֆարյանի ընտրած պաշտպանը՝ Տիգրան Եգորյանը: Դատարանը նախորդ նիստերից մեկում Սաֆարյանի պաշտպան էր նշանակել հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Աննա Ջուվանովային: Վերջինիս ծառայություններից Գևորգ Սաֆարյանը հրաժարվել է, սակայն փաստաբանը ներկա է գտնվում նիստերին: Ներկայանալուց մի քանի րոպե անց Գևորգ Սաֆարյանը առանց նախագահողի թույլտվության տեղից հայտարարեց. «Իմ պաշտպանը ներկա չէ, խախտվում է իմ պաշտպանական իրավունքը»: Նախագահողը նախ որպես սանկցիա՝ նախազգուշացրեց Գևորգ Սաֆարյանին, ապա կիրառեց երկրորդ սանկցիան ու Սաֆարյանին նորից հեռացրեց դատարանի դահլիճից: Մինչ Գևորգ Սաֆարյանի՝ դահլիճ մտնելն ու հեռանալը, ինչպես նաև դրանից հետո դատարանը հետազոտում էր այն ապացույցները, որոնք մեղադրանքի կողմը դրել է մեղադրանքի հիմքում: Այդ շրջանակում ցուցադրվել էր տեսանյութ՝ Գևորգ Սաֆարյանի ընդդիմադիր քաղաքական ելույթի վերաբերյալ: Փաստաբան Աննա Ջուվանովան հայտարարեց. «Սովորական հայրենասեր տղայի ելույթ էր: Նա ներկայացրել է այն, ինչ զգում է պատերազմող երկրի քաղաքացին: Մեզանից յուրաքանչյուրը նույնքան հայրենասեր է, որքան Սաֆարյանը: Ներկայացված ապացույցը պաշտպանական կողմի ապացույցը կարող էր լինել, իսկ եթե մեղադրական դատավճռի հիմքում դրվի, ծիծաղելի կլինի: Վազգեն Սարգսյանն էլ է այդպիսի ելույթ ունեցել, Վազգեն Սարգսյանը սպարապետ էր, իսկ Գևորգ Սաֆարյանն ամբաստանյալի կարգավիճակ ունի...»: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Եթե ընդդիմադիր հայացքների համար մարդիկ պիտի դատապարտվեն, մեզ այդպիսի իշխանավորներ պետք չեն»: Մեղադրողները հրապարակեցին մեղադրանքի հիմքում դրված՝ գաղտնալսման ու «Ներքին դիտում» գործողության ժամանակ գործից անջատված մասով մեղադրյալ Սմբատ Գ.-ի ու այս գործով ամբաստանյալներ Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի խոսակցությունների վերծանումներից հատվածներ՝ ընտրովի, որտեղ արտահայտություններ էին արվում Ժիրայր Սեֆիլյանի, նախապատրաստվող ինչ-որ գործողությունների մասին: Մասնավորապես՝ ասվում է, թե «Ժիրոյի թափը չի հերիքի», «վեկալելու են ստուդիան ու ինչ ուզեն՝ ցույց տան», «քաղաքում վատ բաներ են լինելու, աշխատենք զոհ չտալ» և այլն: Այս հրապարակումից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Մարդիկ քննարկում են նախապատրաստվող օպերացիայի մանրամասներ, իրավապահները նրանց գաղտնալսում են ու... ոչինչ չեն ձեռնարկում... Նման բաներ լսելով՝ նրանք պիտի որ օպերատիվ միջամտեին, բայց չեն միջամտում... Խոսողները ինչ-որ բաներ գրավելու մասին են խոսում, իրավապահները քայլ չեն անում: Ու ակնհայտ է դառնում, որ դա արվում է հետագայում այդ խոսքերը ինչ-որ մարդկանց «կպցնելու» համար... Իրավապահները Սմբատ Գ.-ի գաղտնալսումները սկսել են 2016 թվականի մարտի 5-ից, բայց ոչինչ չեն ձեռնարկել, սպասել են, մինչև 2016 թվականի մայիսի 20-ին Լենինգրադյան փողոցում պատահականորեն վթար տեղի ունենար, մեքենայի մեջ զենքեր հայտնաբերեին ու հանցավոր խումբը, իբր թե, բացահայտվեր... Մարդիկ սցենար են գրել, գաղտնալսման սարքեր են տեղադրել, մարդկանց խոսացրել են ու այդ խոսակցությունները դրել են Սեֆիլյանի մեղադրանքի հիմքում... Ինչի՞ համար է մեղադրվում Ժիրայր Սեֆիլյանը՝ հեռուստաաշտարակը գրավելո՞ւ համար: Մեղադրական եզրակացության մեջ նշված է՝ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ գրավելու համար, բայց ո՞ր օբյեկտները, և ի՞նչ պահանջներ պիտի ներկայացնեին դրանք գրավելուց հետո: Առաջադրված մեղադրանքները պատշաճ ձևակերպված չեն՝ ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար՝ այս հարցերը մնացել են անպատասխան... Եթե անգամ եղել են դժգոհ երիտասարդներ, ովքեր ցանկացել են իշխանափոխություն կատարել, իշխանությունները նրանց գաղտնալսել ու իմացել են, բայց չեն միջամտել: Սա նախապես գրված սցենար է... Պահանջում եմ, որ մեղադրանքը պարզաբանվի...»: Փաստաբան Արայիկ Պապիկյանը ևս իր հայտարարության մեջ նշեց, որ 2016 թվականի մարտի 5-ից սկսելով գաղտնալսումները, իրավապահները տեղյակ էին՝ ինչ-որ գործ է նախապատրաստվում, զենք-զինամթերք են տեղափոխում, Բաղրամյան 26-ի վրա «արտիլերիա պիտի աշխատեր»: Եթե դրանք հավաստի, ոչ թե սարքովի տեղեկություններ էին, եթե ենթադրյալ խումբ կար, ովքեր նաև «արտիլերիա պիտի աշխատեցնեին Բաղրամյան 26-ի վրա», ինչո՞ւ են զենքերը ավելի քան երկու ամիս հետո գտել, այն էլ՝ պատահական վթարից հետո՝ պատահաբար: Ընդ որում՝ «արտիլերիան» այդպես էլ չեն գտել, չեն գտել 300 զինյալներին: Ստացվում է, որ իրավապահները, նախապատրաստվող գործողությունների, զենք-զինամթերքի կուտակման մասին իմանալով՝ նպաստավոր պայմաններ են ստեղծել, որ զենքերը գործադրվե՞ն: Այդ ամենը արվել է, որոշակի մարդկանց նկատմամբ ավելի խիստ պատիժ սահմանելու համար...»: Դատական նիստի ընդմիջման ժամանակ փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ հարցերին պատասխանելով՝ ասաց, թե Գևորգի պատժաժամկետը՝ նախորդ դատավճռով նշանակված, ավարտվում է շուտով՝ դեկտեմբերի 31-ին: Այս գործով Գևորգի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ: Եվ հիմա, ըստ ամենայնի, ինչ-որ դավեր են նյութվում Գևորգի դեմ, խցում նրան ծեծի ենթարկելն էլ դրա հետ է կապված ամենայն հավանականությամբ՝ ըստ փաստաբանի: Վերջինս ասաց, թե արտառոց բան է կատարվում՝ Գևորգ Սաֆարյանը արդեն հինգ ամիս դատվում է, բայց նրան դատարանի դահլիճում չեն թողնում, գործը քննվում է նրա ու նրա ընտրած փաստաբանի բացակայությամբ՝ դատարանը Տիգրան Եգորյանին չի ծանուցում: Գևորգը հայտարարել է, որ հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայություններից, վերջինս ոչ մի անգամ Գևորգին չի հանդիպել, նրա ներկայությունը դատական նիստին՝ որպես Գևորգ Սաֆարյանի շահերի պաշտպան, կրում է ձևական բնույթ: Փաստաբանը համոզված է՝ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում ու դատվում է իր ընդդիմադիր քաղաքական հայացքների համար: Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ ներկա ամբաստանյալներից մի քանիսին գաղտնալսել են 2012 թվականից, բայց ոչ մի կոնկրետ բան չգտնելով՝ սցենար են գրել, «գործակալական ցանց է աշխատել, հանցագործության սադրանք է կատարվել, ինչը խստագույնս դատապարտվում է Եվրոպական դատարանի կողմից...»: Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ իր հետ զրույցում Գևորգ Սաֆարյանը խնդրել է հաղորդել, որ իր համար մարդիկ չանհանգստանան, ամեն բան նորմալ է: Գևորգը դատարանի դահլիճ մտավ ժպտալով, ժպտալով էլ դուրս եկավ: Խցում տեղի ունեցածի կապակցությամբ դիտորդներ են գնացել ՔԿՀ, բայց նրանք իրենց զեկույցները ավելի ուշ են հրապարակում: Գևորգին տեղափոխել են մեկ այլ խուց: Տիգրան Հայրապետյանն ասաց, թե Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին կոնկրետ մեղադրանքներ առաջադրված չեն, նրանց մեղսագրել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, մեքենաներ վառելու արարքներ, ինչը անհեթեթություն է: Գևորգ Սաֆարյանը հայտարարում է, թե կմեռնի հանուն հայրենիքի: Նա՞ պետք է մեքենաներ վառելով ու անկարգություններ կազմակերպելով զբաղվեր... Սեֆիլյանը իր ելույթներում ասել է՝ քաղաքացիական ընդվզումները պետք է առանց բռնության գործադրման իրականացվեն... Դատական նիստը վերսկսվեց: Նախագահող Տաթևիկ Գրիգորյանը ոտքի չկանգնող ամբաստանյալների նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում: Թվում էր՝ ոտքի կանգնելու հարցը արդեն արդիական չէ, բայց եթե Սասնա Ծռերի գործերով այդ «տաբուն» հաղթահարվել է, այս նիստում դա դեռ նախազգուշացում անելու, սանկցիա կիրառելու պատճառ է... Մեղադրողը հրապարակեց խնամքով փաթեթավորված մի հին թուղթ, որի վրա զենքերի ցուցակ էր գրված ձեռագիր: Թուղթը առգրավվել էր «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակի խուզարկության ժամանակ: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ ցուցակագրված զենքերը Արցախյան պատերազմում Սեֆիլյանի ջոկատի զենքերն են, ցուցակը գրել են Սեֆիլյանի զինակիցները: «Փորձում են տպավորություն ստեղծել, թե Սեֆիլյանը տիրապետել է այդ զենքերը, բայց Սեֆիլյանը մի փամփուշտի էլ չի տիրապետել: Մեկ փամփուշտի համար նա տարիներ առաջ արդեն դատապարտվել էր մեկուկես տարի ազատազրկման»: Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ հետազոտված թուղթը թանգարանային արժեք ունի, այն Սեֆիլյանի անձնական արխիվից է, նա այն պահպանում էր, քանի որ իր հետ կռվածների ձեռագրով է գրված... Բայց մեղադրանքի համար կարևորը հետևյալն է՝ կա՛ թուղթ և կա՛ զենքերի թվարկում, ուրեմն այս գործի համար էլ պետք կգա... Դատարանը անցավ քրեական գործում առկա փաստաթղթերի հրապարակմանը: Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարություն արեց 2016 թվականի մայիսի 20-ին Լենինգրադյան փողոցում տեղի ունեցած վթարից հետո առգրավված ինքնաձիգների ու փամփուշտների փորձաքննության վերաբերյալ: Ըստ փաստաբանի՝ զենքերն ու փամփուշտները առգրավվել են մայիսի 20-ին, ժամը 20-ն անց 40 րոպեին: Ժամը 21-ին քննիչը արդեն որոշում է գրել՝ զենքերն ու զինամթերքը փորձաքննության ուղարկելու մասին: Եվ, որ ամենահետաքրքիրն է՝ փորձագետը գիշերով անհամբեր սպասում էր, որ անհապաղ փորձաքննություն կատարի, նա փորձաքննությունը սկսել, քսան փամփուշտ էլ կրակել և փորձաքննությունն ավարտել է նույն օրը՝ ժամը 23-ն անց 58-ին: «Կայծակնային արագությամբ են աշխատել»,- ասաց փաստաբանը՝ ո՛չ առանց հեգնանքի: Արայիկ Պապիկյանը ԱԱԾ պետ Կուտոյանի կողմից կազմված մեկ այլ փաստաթղթի առնչությամբ հայտարարեց, որ 2016 թվականի մարտի 5-ից ԱԱԾ-ն գաղտնալսել ու իմացել է՝ զենքեր են կուտակվում, բան է նախապատրաստվում, բայց ոչինչ չի ձեռնարկել՝ կանխելու համար, հնարավորություն է ստեղծվել, որ զենքերը կրակեն: «Եթե այդ զենքերը կրակեին, մեղավորը Կուտոյանն էր լինելու»,- ասաց փաստաբանը: Ա. Պապիկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ ԱԱԾ-ն գաղտնալսման ու ներքին դիտման թույլտվություն է ձեռք բերել միայն մեկ անձի՝ Սմբատ Գ.-ի նկատմամբ. «Առարկայական տեղեկություն ունեին՝ ում պիտի գաղտնալսեն... Այլ անձինք էլ կային կասկածի տակ, բայց միայն Սմբատն է առանձնացվել: Նրան գաղտնալսելով են «բացահայտել» խումբը, բայց նրան, չգիտես թե ինչու՝ մյուսների նման կալանքի տակ չեն առել, նրա նկատմամբ ավելի բարեհաճ են գտնվել ու ազատության մեջ են թողել, չնայած նրան էլ նույն մեղադրանքներն էին առաջադրված, ինչ՝ մյուսներին: Հետագայում Սմբատի մասն ընդհանրապես անջատել են գործից, ներկայումս այդ մասով դեռ նախաքննություն է ընթանում, Սմբատը ազատության մեջ է, իսկ այս մարդիկ՝ կալանքի տակ: Ըստ փաստաբանի՝ հիշյալ Սմբատը կամ թաքնված գործակալ է եղել կամ գործել է ԱԱԾ հովանու ներքո: Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն իր աշխատակցի միջոցով կազմակերպել է գործողություններ, Սմբատ Գ.-ն գաղտնալսվելով՝ խոսեցրել է իր ծանոթներին, շոշափել է Սեֆիլյանի անունը: Տիգրան Հայրապետյանն ասաց. «Հանցագործության դասական պրովոկացիա է կատարել ԱԱԾ-ն, ներդրել է իր գործակալին, ստեղծել է ենթադրյալ խումբ, վերջում այդ ամենը «կպցրել են» Սեֆիլյանին, նրա մեղադրանքի հիմքում էլ դրել են Սմբատ Գ.-ի գաղտնալսման ու ներքին դիտման նյութերը: Կա՛ հանցագործության հրահրում... Միջնորդում եմ, որ դատարանը պահանջի օպերատիվ տեղեկություններ Սմբատ Գ.-ի վերաբերյալ ու բացահայտի՝ նա գործակա՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ դերակատարում է ունեցել այս գործում»: Դատարանը այս միջնորդությունը համարեց ոչ ժամանակին արված ու թողեց առանց քննության: Դատարանը շարունակեց հրապարակել գործի հատորներում առկա փաստաթղթերը: Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի գրության մեջ նշվում էր, որ ներկայացված համարներով ինքնաձիգները հետախուզվում են 1991 թվականի հունվարից, երբ թալանվել էր Ստեփանավանի զորամասերից մեկի զինվորական պահեստը: Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ դրանք այն ինքնաձիգներն են, որոնք ցուցակագրված են եղել Սեֆիլյանի արխիվից առգրավված ցուցակում: Այդ ինքնաձիգները հափշտակվել են Խորհրդային Հայաստանի պայմաններում, դրանք մասնակցել են Արցախյան պատերազմին՝ դրանք օգտագործել է Սեֆիլյանի ջոկատը. «Այդ զենքերը կապ չունեն այն արարքների հետ, որոնք վերագրվել են իմ պաշտպանյալ Ժիրայր Սեֆիլյանին»: Դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ զենքերի ցանկը Սեֆիլյանի գրասենյակից առգրավված հին թղթի վրա գրվել է 3 և ավելի տարի վաղեմությամբ: «Դա Սեֆիլյանի ձեռագիրն էլ չի, նրա զոհված ընկերների ձեռագիրն է, որը նա պահում է որպես թանկ հիշատակ: Ավելի անհեթեթ ապացույց լինել չէր կարող»: Լուսանկարը՝ Photolure-ի