Բրայզայի աղը՝ Էրդողանի և Ալիևի վերքին

Բրայզայի աղը՝ Էրդողանի և Ալիևի վերքին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ու միջազգային ահաբեկության դեմ պայքարը այն հարթակներն են, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գործակցում են: Բրայզան ասել է, որ Վրաստանի հարցում, օրինակ, ունեն էապես տարբերվող մոտեցումներ, իսկ ահա ղարաբաղյան խնդրում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև գործակցություն է: Բրայզան Մինսկի խմբի թերևս հակասական և ամենավառ ամերիկացի համանախագահներից էր, որին թե՛ հայերն էին մեղադրում այսպես ասած ադրբեջանամետ կամ թուրքամետ լինելու համար, թե՛ ադրբեջանցիներն էին մեղադրում հայամետ լինելու համար: Հայկական կողմից մեղադրանքները առավել ուժգնացան, երբ նա ամուսնացավ թրքուհու հետ, իսկ հետո նաև դեսպան նշանակվեց Ադրբեջանում: Ավելին, ամերիկահայ լոբբին փորձեց խոչընդոտել Բրայզայի նշանակումը Կոնգրեսում և, կարծես թե, շոշափելի հաջողության հասավ այդ հարցում, երբ Բրայզան ի վերջո դեսպան նշանակվեց այսպես ասած նախագահական մանդատի միջոցով: Բրայզայի շուրջ այդ հակասականությունը ըստ էության վկայում է այն մասին, որ նա Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում իսկապես բավական ակտիվ և պրոդուկտիվ էր, այլապես նրա շուրջ կլիներ անտարբերություն: Իր այդ պաշտոնում, ու նաև դրանից հետո ամերիկացի դիվանագետը անում էր հայտարարություններ, որոնք, այսպես ասած, բուռն և ակտիվ հանրային քննարկումներ էին խթանում ղարաբաղյան կարգավորման շուրջ, որոնց հանրագումարի արդյունքում ի վերջո պահպանվում էր ստատուս-քվոն: Այսինքն՝ Բրայզան ի վերջո իր գործունեությամբ եղել է ամերիկացի՝ այսպես ասած ամենաաչքի ընկնող համանախագահներից մեկը, որն իր հակասականությամբ հանդերձ զգալի լումա ունի ստատուս-քվոյի առ այսօր պահպանման հարցում, ինչը ըստ էության նաև խաղաղության և կայունության թեկուզ հարաբերական պահպանման մեխանիզմն է: Եվ այդ իմաստով Բրայզայի հերթական հայտարարությունը հնչում է խիստ ուշագրավ, որը դե ֆակտո հայտարարություն է հենց այն մասին, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան գործակցում են ստատուս-քվոն, այսինքն՝ հարաբերական կայունությունը և խաղաղությունը պահպանելու հարցում: Նա խոսում է Վրաստանի հակամարտությունների հարցում էական տարբերության մասին: Իսկ ինչն է այդ տարբերությունը: Բոլորին է հայտնի, որ Վրաստանի հակամարտությունների հարցում ԱՄՆ-ը պնդում է տարածքային ամբողջությունը, իսկ Ռուսաստանը՝ հակառակը: Եվ երբ ղարաբաղյան հարցում Բրայզան այդ համեմատության մեջ խոսում է գործակցության, համատեղ աշխատանքի մասին, ապա դա նշանակում է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը նույն կարծիքին են: Այստեղ իհարկե հարց է առաջանում՝ նույն կարծիքին են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի՞, թե՞ հակառակը՝ որ պետք է մնա: Ֆորմալ առումով, իհարկե, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծում են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի: Համենայնդեպս, նրանք միջնորդ են այդ տրամաբանությամբ ընթացող այսպես կոչված բանակցային գործընթացի: Մյուս կողմից, սակայն, իրական քաղաքականության ռեժիմում թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը իհարկե ավելի ու ավելի հստակ են պատկերացնում, որ ստատուս-քվոյի փոփոխությունը էլ ավելի մեծ ռիսկեր է պարունակում տևական կայունության և անվտանգության տեսանկյունից, նույնիսկ՝ արդեն իսկ գործընթացի փուլում, քան դրա պահպանմանն ուղղված ջանքը: Ի դեպ, այդ տեսանկյունից խիստ հետաքրքիր զուգորդում կա Բրայզայի՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի, և թուրքական լրատվամիջոցների հետ Էրդողանի զրույցի միջև, որտեղ Թուրքիայի նախագահը խոսում է Պուտինի հետ Սոչիի՝ նոյեմբերի 13-ի հանդիպմանը ղարաբաղյան քննարկման մասին: Էրդողանը հայտարարել էր, թե Պուտինը հույս չունի, որ տարածքների վերադարձը իրականանալի հեռանկար է: Եվ երբ համադրում ենք Թուրքիայի նախագահի այդ հայտարարությունը Բրայզայի հարցազրույցում հնչած մտքի հետ, ապա ակնառու է դառնում, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ աշխատանքի մասով խոսքը վերաբերում է հենց ստատուս-քվոյի պահպանման ուղղությամբ: Ընդ որում, խոշոր հաշվով այդ տրամաբանությունը հնչել է արևմտյան դիվանագետների շուրթերից շատ ավելի վաղ, պարզապես ոչ ուղիղ ձևակերպումով: Գուցե Բրայզայի նախկին դիվանագետի կարգավիճակը թույլ է տալիս անել ավելի ազատ ձևակերպումներ, բայց երբ ԱՄՆ կամ ՆԱՏՕ բարձրաստիճան դիվանագետները, զինվորականները հայտարարում են, թե իրենց համար խնդիր չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և այդ անդամությունը չի խոչընդոտում հայ-ամերիկյան կամ Հայաստան-ՆԱՏՕ ձևաչափով հարաբերության խորացմանը, և այդ առումով Հայաստանը նույնիսկ եզակի օրինակ է, ապա դա ըստ էության հենց Բրայզայի մատնանշած համատեղ աշխատանքն է ստատուս-քվոյի ուղղությամբ: Որովհետև ի վերջո Հայաստանի անվտանգություն հասկացության չբարձրաձայնվող, սակայն գործնականում անվիճելի հոմանիշը դա ստատուս-քվոն է: Ոչ այն պատճառով, որ Հայաստանը ծավալապաշտ է, կամ տառապում է ռազմա-հայրենասիրական ռոմանտիզմով: Խնդիրն այն է, որ իրական քաղաքականության ռեժիմում ստատուս-քվոն է ապահովում տարածաշրջանային հավասարակշռություն, ինչի վրա էլ կառուցվում է Հայաստանի անվտանգության հիմքը: Խախտել ստատուս-քվոն, նշանակում է խախտել Հայաստանի անվտանգության հիմքը, իսկ այդ հիմքը խախտել, նշանակում է խախտել տարածաշրջանային անվտանգությունը: