Պոգբան կրկին չի խաղա, իսկ Մխիթարյանը…

Պոգբան կրկին չի խաղա, իսկ Մխիթարյանը…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի «Նյուքասլի» հետ: Երկրպագուները հույս ունեին, որ առաջիկա խաղում ասպարեզ դուրս կգա «Յունայթեդի» կիսապաշտպանության առանցքային ֆիգուրներից մեկը՝ Պոլ Պոգբան, որը վնասվածքի պատճառով բաց է թողել 12 մրցավեճ: Ֆրանսիայի հավաքականի խաղացողն արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն բրիտանական աղբյուրների համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վաղը ռիսկի չի դիմի և հնարավորություն կտա Պոգբային լիարժեք ապաքինվել: Նշենք, որ «Նյուքասլը» կարգով զգալի ցածր է «Յունայթեդից», և Մոուրինյոն հույս ունի, որ իր ֆուտբոլիստներն առանց Պոգբայի էլ կկարողանան հաղթել: 11-րդ տուրից հետո «Նյուքասլը» 14 միավորով 11-րդ հորիզոնականում է: Նշենք, որ «Նյուքասլի» գլխավոր մարզիչը իսպանացի ճանաչված մասնագետ Ռաֆայել Բենիտեսն է: Վերջինս հայտարարել է, որ իր թիմը կարող է արժանի դիմադրություն ցույց տալ «Օլդ Տրաֆորդում»: Բրիտանացի փորձագետների զգալի մասը կանխատեսում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ջոնսն ու Սմոլինգը: Աջ եզրում կխաղա Վալենսիան, իսկ ձախից՝ Դարմիանը: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Մատիչն ու Էրերան: Ենթահարձակվողի դիրքում կգործի Հենրիխ Մխիթարյանը: Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Մատան, իսկ ձախ եզրում կխաղա Ռեշֆորդը: Կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես կգա Լուկակուն: Ու թեև վերջին շրջանում շատ է խոսվում, որ Մխիթարյանը անհաջող է հանդես գալիս, այդուհանդերձ՝ վերլուծաբանների կանխատեսումները վկայում են, որ պորտուգալացի մասնագետը այս պահին Մխիթարյանին արժանի փոխարինող չունի: Որոշ դիտարկումների համաձայն՝ վերջին շրջանում Մխիթարյանի խաղի անկման գլխավոր պատճառը Ժոզե Մոուրինյոյի կողմից խիստ ծարնաբեռնված լինելն է: Ավելի ստույգ՝ Պոգբայի շարքից դուրս գալուց հետո Մոուրինյոն փորձում է ֆրանսիացի կիսապաշտպանի բացը լրացնել Մխիթարյանի միջոցով: Հենակետային կիսապաշտպաններ Մատիչի ու Էրերայի մոտ հաջող է ստացվում գրոհներ կասեցնելը: Նրանք այնքան էլ ճկուն չեն և չեն կարող ակտիվ կերպով համագործակցել հարձակման օղակի ֆուտբոլիստների հետ: Պոգբային կարող էր փոխարինել նաև Մատան, սակայն այս ֆուտբոլիստին Մոուրինյոն այնքան էլ չի վստահում: Մոուրինյոն, հաշվի առնելով Մխիթարյանի արագությունը, դաշտը տեսնելու ունակությունը ու կրեատիվ փոխանցումներ կատարելու ունակությունը, կարծում է, որ ենթահարձակվողի դիրքում խաղալու հետ մեկտեղ Մխիթարյանը ի զորու է նաև ետ քաշվել և համակարգել խաղը կիսապաշտպանության կենտրոնում: Մեր ֆուտբոլիստը, փորձելով միաժամանակ մի քանի աշխատանք կատարել, բնականաբար լուրջ խնդիրների առաջ է կանգնում: Երկրորդ կեսի միջնամասում էլ, երբ Մխիթարյանի հոգնածությունը նկատելի է դառնում, Մոուրինյոն փոխարինում է նրան: Ամեն դեպքում այն, որ Մխիթարյանը սկսեց անհաջող խաղալ Պոգբայի վնասվածք ստանալուց հետո, կարծում ենք՝ պարզ է: Շատ երկրպագուներ ու լրագրողներ Մոուրինյոյին հորդորում են Մխիթարյանի դիրքում խաղացնել Լինգարդին, որը Անգլիայի ազգային հավաքականի ներկայացուցիչ է: Այս ֆուտբոլիստը արագաշարժ է, և թվում է, թե նա կարող է եղանակ ստեղծել առջևի գծում: Լինգարդի խաղին ուշադիր հետևելու դեպքում համոզվում ես, սակայն, որ բարձր արագությունը նրա միակ դրական կողմն է: Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին նույնիսկ չի հաջողվում ճիշտ օգտագործել արագությունը: Ինչ վերաբերում է նրա փոխանցումներին, հարվածներին և գնդակ խլելու ունակությանը, կարծում ենք, որ խաղային այս գործոնները, մեղմ ասած, իդեալական չեն: Ի տարբերություն Լինգարդի՝ խաղի որակի աճ է նկատվում Ռեշֆորդի մոտ, որը կարծես թե գտել է իր տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Ինչ վերաբերում է վաղվա հանդիպմանը, հուսանք, որ Մխիթարյանին կհաջողվի արդյունավետ գործել և շոշափելի օգուտ տալ իր թիմին: Առկա իրավիճակում «Յունայթեդի» երկրպագուները անհամբեր սպասում են Պոգբայի վերադարձին: Այս կիսապաշտպանի խաղադաշտում հայտնվելը, կարծում ենք, կտա շատ հարցերի պատասխան: Նշենք, որ Պոգբայի՝ վնասվածք ստանալուց հետո խաղի անկում է նկատվում նաև «Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուի մոտ: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին: