Ցինիզմ. Կարեն Կարապետյանը անկարո՞ղ է գնաճը զսպել. «Ժողովուրդ

Ցինիզմ. Կարեն Կարապետյանը անկարո՞ղ է գնաճը զսպել. «Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին՝ ամեն կերպ արդարացնելով թանկացումները և կոչ անելով զինվել համբերությամբ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ հայտարարել է, թե իրենք ուսումնասիրություններ են կատարել կարագի, բենզինի և մսի շուկայում և պարզել, որ թանկացումները ոչ թե չարաշահումների հետևանք են, այլ օբյեկտիվ հիմքեր ունեն: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասել է. «Նախևառաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս և ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ ...Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքենք։ Մենք չենք կարող այդ գները զսպել։ Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել։ Այդ ամեն ինչին համբերատար պետք է վերաբերվել»: Ի՞նչ է սա՝ ցինի՞զմ, ժողովրդին ծաղրե՞լ, թե սեփական անկարողությունը խոստովանելու տխուր փորձ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ԿԲ-ն ունեն լծակներ, օրենսդրությամբ տրված լիազորություններ՝ գնաճը զսպելու համար, քանի որ ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության 83.3 հոդվածում հստակ ասված է. «ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը ՀՀ գների կայունությունն ապահովելն է»: Այնինչ վարչապետի խոսքերից պարզվում է, որ իրենք չեն կարող իրագործել Սահմանադրության այս դրույթը: Եվ ընդհանրապես, իշխանություններն անկարող են ոչ միայն այս հարցում, այլև պետություն կառավարելիս: Մեկ փաստ էլ. որքան էլ իշխանությունները համոզեն, թե գնաճը բնական է, պայմանավորված արտաքին գործոններով, միևնույն է, դրանից իրավիճակը չի փոխվի, և ՀՀ քաղաքացու վիճակը չի թեթևանա, մանավանդ, մի երկրում, որտեղ արդեն որերորդ տարին է՝ ո՛չ աշխատավարձերն են բարձրացնում, ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նպաստները, և նույն տխուր հեռանկարն է սպասվում նաև հաջորդ տարի, ու փոխարենը գնաճի նոր ալիք է սպասվում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: