Կարեն Կարապետյան, նույն ինքը՝ Քսենյա Սոբչակ

Կարեն Կարապետյան, նույն ինքը՝ Քսենյա Սոբչակ

Կրեմլը երեկ վերջնականապես որոշել է 2018-ի մարտին նշանակված նախագահական ընտրություններին չթույլատրել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մասնակցությունը: Մի կողմից՝ Նավալնիի մասնակցությունը կնպաստեր ընտրողների ակտիվությանը տեղամասերում ու կլեգիտիմացներ Պուտինի հաղթանակը, մյուս կողմից՝ իշխանությունները վախեցել են անկանխատեսելիության գործոնից՝ մանավանդ, որ թեկնածու Նավալնիի առաջ բացվելու էր դաշնային հեռուստաընկերությունների եթերը, և դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ հասարակական կարծիքի հետ, եթե, օրինակ, Նավալնին ուղիղ եթերում մերկացներ Պուտինի կամ Մեդվեդևի կոռուպցիոն գործունեությունը: Հենց երեկ պարզ դարձավ, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու է սկանդալային լրագրող Քսենյա Սոբչակը: Անկասկած, Սոբչակի «ընդդիմադիր» նախագիծը ծնվել է Կրեմլում և, այսպես ասած, Նավալնիի այլընտրանքային տարբերակն է, որը միտված է ընտրություններին ինտրիգայնություն հաղորդել, դրանց լեգիտիմություն հաղորդել՝ ընտրողների մասնակցության ցուցանիշը բարձրացնելով: Սոբչակը պետք է «ծածկի» Նավալնիի պոտենցիալ ընտրողների դաշտը և տեղամաս բերի ընտրողներին, ովքեր դեմ են համակարգը ներկայացնող թեկնածուներին: Պատահական չէ, որ երեկ արդեն Քսենյան մտել է «դերի» մեջ՝ հայտարարելով, թե պատրաստ է ինքնաբացարկ հայտարարել, եթե առաջադրվի Նավալնին (ակնհայտ է, որ նման բան տեղի չի ունենալու), և գործարկելով Собчак против всех ինտերնետային կայքը: Ստացվում է, որ Քսենյան «նոր ոգի» է հաղորդելու ընտրական գործընթացին և իր ժպիտով լեգիտիմացնելու է Պուտինի վերարտադրությունը: Ակամայից զուգահեռներ առաջացան հայկական իրականության, ավելի ճիշտ՝ Կարեն Կարապետյանի «նոր ոգու» հետ: Հայաստանի այս տարվա խորհրդարանական ընտրություններից տարիներ անց հիշվելու են հենց Կարեն Կարապետյանի կերպարը, նրա խոստումները և հատկապես ժպիտը, որով նա գերում էր համակարգի ավանդական դեմքերից կշտացած հասարակության ապաքաղաքականացված հատվածին ու որոշակի տանիք ունեցող կանանց: Եթե այնպես ստացվի, որ մյուս տարվա ապրիլին Կարապետյանը հրաժեշտ տա վարչապետի պաշտոնին, ապա կստացվի, որ նա ընդամենը մեկ առաքելություն ուներ՝ լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը: Այլ խոսքով՝ Կարեն Կարապետյանը միանգամայն կարող է համապատասխանել Քսենյա Սոբչակի հայկական դերակատարությանը: Արդեն այս ակամա զուգահեռը բացահայտում է Կարապետյանի իշխանական հայտի քաղաքական որակն ու անլրջությունը: Դրա մեղավորը հենց Կարեն Կարապետյանն է, ով անցած մեկ տարում ավելի շատ զբաղվել է PR-ով, քան քաղաքականությամբ: Հայաստանի հասարակությունը նկատել է Կարապետյանի անգամ ոճային առանձնահատկությունները, սակայն նրանից այդպես էլ չի լսել որևէ քաղաքական հայտարարություն, դիրքորոշում, նրա կողքին չի տեսել քաղաքական թիմ: Ռուսաստանում շատերն են հետաքրքրված Քսենյա Սոբչակի անձով, սակայն որևէ մեկը չի հավատում նրա հաղթանակին: Եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր հավատում են Կարեն Կարապետյանի իշխանական հայտին, ապա դա ամենևին լավ կարծիք չի ձևավորում մեր քաղաքական համակարգի որակի և հասարակական տրամադրությունների քաղաքական նշաձողի մասին: