Հայաստանում աղջիկ երեխաների թիվը ծայրահեղ ցածր է. Financial Times

Հայաստանում աղջիկ երեխաների թիվը ծայրահեղ ցածր է. Financial Times

«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» ահա այսպես է վերնագրված՝ «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին: Հայաստանը աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։ «Financial Times» ամսագիրը իր՝ «Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում» հոդվածում անդրադառնում է այս խնդրին և դրա պատճառներին։ Հոդվածի հեղինակ Էնդրյու Ջեքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում նշեց ,- «Ես տեղյակ էի այս խնդրի գոյության մասին Ասիայում, հատկապես Չինաստանում, որտեղ տղաների թիվը զգալիորեն մեծ է աղջիկների թվից: Ինձ անակնկալի բերեց այն, որ Կովկասյան և Բալկանյան երկրներում, աղջիկների և տղաների միջև անհավասարությունը գրեթե նույնն է»: Ըստ հոդվածի հեղինակի, Կովկասյան և Բալկանյան երկրներում դարեր շարունակ ավանդաբար նախընտրել են տղա երեխաներին: Մինչև վերջերս չկար, թե՛ հղիության ընթացքում սեռը բացահայտելու տեխնոլոգիա և թե՛ սահմանափակ թվով երեխաներ ունենալու ցանկություն: Խորհրդային շրջանում մարդիկ պարզապես այնքան երեխաներ էին ունենում, մինչև որ տղա երեխա ծնվեր: Սակայն տնտեսական անկման և պատերազմի հետևանքով, ընտանիքները փորձում էին ավելի քիչ երեխաներ ունենալ: Ինչի արդյունքում այդ մեկ կամ երկու երեխաների սեռը ավելի մեծ կարևորություն ձեռք բերեց: Էնդրյու Ջեքը ասում է,- «Այսպիսով, սա մի քանի գործոնի հետևանք է՝ ավանդույթների, 1990-ականների տնտեսական ճգնաժամի, նոր տեխնոլոգիաների զարգացման, մեծ դեր ունի նաև խորհրդային մշակույթից եկած հղիության արհեստական ընդհատման սովորությունը»: Հեղինակը նշում է, որ մի շարք ընտանիքների, կանանց և մասնագետների հետ, զրույցի արդյունքում պարզվել է, որ պատմականորեն կանայք ավելի դրականորեն են ընդունում ցանկացած երեխայի սեռը, սակայն ամուսինները և նույնիսկ ամուսինների մայրերը նախընտրում են տղա զավակ ունենալ: Ինչը հասարակությունը բացատրում է նրանով, թե տղամարդիկ զինվորներ են, ապրուստ վաստակողներ, նրանք են ընտանիքի ունեցվածքի ժառանգները և տարեց ծնողների մասին հոգ տանողները: Նա հավելում է,- «Կանայք ավելի ազատամիտ են, սակայն նրանք հասարակության ճնշման են ենթարկվում: Նաև հատկանշական է, որ վերջին 10-20 տարիների ընթացքում շատ տղամարդիկ արտագաղթել են աշխատանքի որոնման նպատակով, ինչը կանանց վրա մեկ այլ ճնշում է գործադրում: Նրանք հույս ունեն, որ տղա զավակը կօգնի պահպանել ընտանիքը և կկանխի հնարավոր բաժանումը: Ցավոք սրտի, սա շատ կանանց ստիպում է նաև հանդուրժել ֆիզիկական բռնություն և գործադրվող այլ ճնշումներ»: Ըստ հեղինակի, Հայաստանում վերջին 3-4 տարիների ընթացքում տղա և աղջիկ երեխաների ծնելիության անհավասարության անկում է գրանցվել: Սակայն այս տվյալները տատանվում են ըստ մարզերի: ​«Կարծում եմ միայն այն հանգամանքը, որ այս խնդրի շուրջ օրենք է անցկացվել, նշանակում է, որ ընդունվել է, որ նման խնդիր գոյություն ունի: Իհարկե օրենքի ընդունումը նաև շատերին ստիպել է այլընտրանքային ուղիներ փնտրել, սակայն այդուհանդերձ հասարակական հարցումներն ու ժողովրդագրական տվյալները վկայում են այն մասին, որ փոփոխություն կա դեպի դրականը: Ինչևէ, եթե հասարակությունում կանանց դերը և հասարակական կարծիքը չփոխվի, հնարավոր է, որ կրկին խնդրի վատթարացում գրանցվի»: