«Ծառուկյան» դաշինքը դեմ է ընտանեկան բռնությանը միջամտող «բռնարար» ոստիկաններին

«Միայն ունենալ օրենքի նախագիծ և փորձել այդ նախագիծն անցկացնել, ընդամենը բարի ցանկությունների դաշտում է: Մենք համաձայն չենք ձևակերպումներին, մենք դեմ չենք բռնությանը, մենք դեմ ենք բռնություն կիրառող միջնորդներին, որոնք նախատեսված են, որ պետք է մեր ներքին հարաբերություններին միջամտեն ոստիկանի տեսքով կամ մեկ այլ տեսքով: Սա մեզ համար անթույլատրելի է, և սա ենք մենք համարում բռնություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին: Նրա խոսքերով՝ հաճախ ոստիկաններն են բռնարարքների դիմում, և վստահել, որ այդ կառույցը պետք է կարողանա այս փխրուն միջավայրը կարգավորի, ընդունելի չէ: Այս օրենքով, պատգամավորի դիտարկմամբ, փորձում ենք հետևանքների դեմ պայքարել: Նա այն կարծիքին է, որ պետք է փոխել դրվածքը մանկապարտեզից սկսած: Այնուամենայնիվ, նա նշեց, որ նախագծի վերաբերյալ խմբակցությունը դեռ քննարկում է, որոշում դեռ չկա: Նա նաև նշեց, որ այս նախագիծը պետք է կատարելագործել և ավելացնել կանխարգելիչ դրույթները: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: