Ինձ ճանաչողները կփաստեն, որ եղբայրս՝ Վազգենն էլ լիներ, դեմ կլինեի, որ գնար երրորդ ժամկետի

Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպմանը։ Մեր այն հարցին, թե այդ հանդիպումից ստացե՞լ է այնպիսի տպավորություն, որ դա Սարգսյանի վերջին հանդիպումն էր Ալիևի հետ, պատգամավորն արձագանքեց. «Ո՛չ, չունեմ նման տպավորություն։ Ավելի շատ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը գնում է երրորդ ժամկետի՝ վարչապետի պաշտոնում։ Ես բազմիցս նշել եմ, որ դա ճիշտ չեմ համարում, բայց ոչ թե նրա համար, որ Սերժ Սարգսյանն է, այլ հենց մեր ժողովրդավարության առումով»,- ընդգծեց նա։ Արամ Սարգսյանը շարունակում է. «Ես շատ կուզենամ, որ համապատասխան պահը գա ու բոլոր նրանք, ովքեր կանխատեսում էին, որ նա գնում է երրորդ ժամկետի՝ սխալված լինեն, բայց, ցավոք, այսօր դա չեմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ այդ թիմում կռիվ կա՝ բա որ Սերժը չէ, ուրեմն Կարենն է, ասում են՝ բա դու այդքան ռուսներին քննադատում ես ու Կարենին կողմնակի՞ց ես։ Կա երկու հարթություն՝ մեր երկրում ժողովրդավարության առումով իշխանությունը պետք է փոխվի, երրորդ ժամկետ գնացող նախագահ չպետք է լինի։ Եթե անգամ իմ եղբայր Վազգենը լիներ, ճիշտ է, բացառում եմ, որ նա նման քայլի գնար, բայց ես, միևնույն է, սա կասեի, ինձ ճանաչողները գիտեն, որ ես դեմ կլինեի»։ Մեր զրուցակիցն ընդգծում է՝ ՀՀԿ-ն կարող է առաջ քաշել երրորդ թեկնածուին. «Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը կատարյալ ու անթերի է, այնպես չէ, որ եթե Սերժ Սարգսյանը չէ, ուրեմն Կարեն Կարապետյանը պետք է լինի։ Մեզ մի վախեցրեք Կարեն Կարապետյանով, ընտրեք ձեր մեջից երրորդին, այնպիսի մեկին, որը Մոսկվայից չէ, թե՞ դուք էլ եք մտածում, որ առանց Մոսկվայի չեք կարող։ Դա արդեն ուրիշ հարց է՝ դիմեք մեզ, մենք «Ելք»-ով կօգնենք ձեզ»,- ասաց Սարգսյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: