Հայ տղամարդը չէր կարող ներկել մազերը և սափրել ոտքերը. Հիմա ես շնաձուկ եմ… Մուսասիի նոր բացահայտումը

Հայ տղամարդը չէր կարող ներկել մազերը և սափրել ոտքերը. Հիմա ես շնաձուկ եմ… Մուսասիի նոր բացահայտումը

Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Անկասվիլ քաղաքում հայազգի Գեղարդ Մուսասին կմենամարտի ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոյի հետ: Ի դեպ, սա Մուսասիի համար առաջին մենամարտը կլինի Bellator կազմակերպության հովանու ներքո: Մինչ այդ Հոլանդիան ներկայացնող հայազգի մարզիկը պայմանագիր ուներ խառը մենամարտերի UFC հեղինակավոր կազմակերպության հետ: Մուսասին շարունակ քննադատում էր այս կազմակերպությանը՝ նշելով, որ իրեն դրսևորվելու հնարավորություն չի տրվում և զրկված է տիտղոսներ նվաճելու հնարավորությունից: Շլեմենկոյի հետ մենամարտից առաջ Մուսասին, հերթական անգամ անդրադառնալով UFC-ի գործունեությանը, աղմկահարույց հայտարարություններ է արել. «Եթե ուշադրություն դարձնեք իմ վիճակագրությանը, ապա կհամոզվեք, որ տիտղոսային մենամարտի արժանի էի վաղուց և ոչ մեկ անգամ: Որոշ մարտիկներ չեմպիոնական գոտու համար մենամարտին մասնակցելու իրավունք են ստացել պարտվելուց անմիջապես հետո: Պարզապես ոմանք ամպագոռգոռ հայտարարություններ անելով՝ փորձում են հեղինակություն ձեռք բերել և դառնալ երկրպագուների սիրելին: Դա է պատճառը, որ առանց երկար ճանապարհ անցնելու նրանք հայտնվում են ուշադրության կենտրոնում և չեմպիոնական մարտեր անցկացնում: Մի՞թե ես արժանի չեմ նման մենամարտի: 100 տոկոս արժանի եմ: Բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա կապիկություն անել: Դա իմը չէ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: UFC-ի ղեկավարներն ամենևին չեն համակրում ուժեղ տղամարդկանց: Այս կազմակերպությունում առաջ գնալու համար պետք էր ներկել մազերը, սափրել կրծքավանդակն ու ոտքերը: Հայ տղամարդը չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Ես հեռացա: UFC-ում ես ընդամենը փոքրիկ ձկնիկ էի: Իսկ հիմա ես շնաձուկ եմ և պատրաստ եմ բարձունքներ նվաճել»: Նա կրկին անգամ նշել է նաև, որ տիտղոսային մենամարտերի հնարավորություն չտալուց բացի՝ UFC-ը չէր ցանկանում նաև վճարել իրեն. «Ինձ պետք է վճարեին, սակայն դա չէին անում: Ես հաղթեցի Ժակարին, հաղթեցի Մարկ Հանթին, հաղթեցի Դեն Հենդերսոնին, հաղթեցի Վիկտոր Բալֆորտին, հաղթեցի Վայդմանին: Էլ ո՞ւմ պետք է հաղթեի: Այն տղաները, որոնց ես հաղթել եմ, ինձնից շատ փող էին ստանում: Ո՞րն էր պատճառը: Այն, որ ես հա՞յ եմ: Ուզում էին, որ դառնայի շիկահեր: Ես ուժեղագույններից մեկն եմ և պետք է արժանի վարձատրություն ստանամ: Ես արդար տղա եմ: Կարծում եք՝ չէի կարո՞ղ հաղթել UFC-ի չեմպիոն Բիսփինգին: Նա մեծ-մեծ խոսում է, բայց երբ մենամարտի ինձ հետ, ամեն ինչ իր տեղը կընկնի: Հիմա նոր ճանապարհ է բացվել իմ առջև: Հուսով եմ, որ Bellator-ը կգնահատի ինձ, իսկ ես ամեն ինչ կանեմ բոլորի սպասելիքներն արդարացնեու համար»: Վերջինս, անդրադառնալով ռուս մարզիկի հետ մենամարտին, հայտարարել է, որ այն շատ կարևոր է իր կարիերայի համար: «Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա առաջին մենամարտս Bellator-ի հովանու ներքո: Շատ կարևոր է, որ մեկնարկը լինի հաղթական: Ես հարգում եմ Շլեմենկոյին, բայց վստահ եմ, որ նրան ծեծելու եմ: Մարզավիճակի հետ կապված որևէ խնդիր չունեմ: Լավ եմ նախապատրաստվել, ինչի համար շնորհակալ եմ ընկերներիս և մարզիչներիս: Մի մոռացեք, որ UFC-ի հետ պայմանագիրը խզելուց առաջ ամրապնդվել էի այս կազմակերպության ռեկորդակիրների շարքում: Ես ունեի ամենաերկար հաղթական շղթաներից մեկը: Վերջին հինգ մենամարտերում նույնքան հաղթանակ էի տարել: Այս արդյունքը գերազանցում էր թերևս կուբացի Իոել Ռոմերոն: Ժամանակից շուտ տարած հաղթանակների ցուցանիշներով էլ ես երկրորդ հորիզոնականում էի գտնվում: Այդ 5 մենամարտերից 4-ը հաղթել էի նոկաուտով»,- նշել է Գեղարդ Մուսասին: 33-ամյա Ալեքսանդր Շլեմենկոն փորձառու մարտիկ է և տարել է մի շարք տպավորիչ հաղթանակներ: Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 66 մենամարտ, որոնցից 56-ում հաղթել է: 31 մենամարտ Շլեմեկոն հաղթել է նոկաուտով: Ռուս մարզիկը կարիերայի ընթացքում 9 պարտություն է կրել: Գեղարդ Մուսասին անցկացրել է 50 մենամարտ, որոնցից 42-ն ավարտել է հաղթանակով: Հայազգի մարզիկը 23-անգամ է նոկաուտի ենթարկել մրցակիցներին և կրել է 6 պարտություն: Վիճակագրական այս տվյալները վկայում են, որ տեղի է ունենալու արժանի մրցակիցների մենամարտ: