18-րդ տարելիցին ընդառաջ․ Ինչու և ինչպես Ռ․ Քոչարյանը «կոտրեց» Երկրապահին

18-րդ տարելիցին ընդառաջ․ Ինչու և ինչպես Ռ․ Քոչարյանը «կոտրեց» Երկրապահին

Հոկտեմբերի 27-ի արյունոտ կրակոցները չերաշխավորեցին Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանության հաստատումը` չնայած Մոսկվան արդեն ամբողջովին վերահսկում էր Հայաստանի ներքաղաքական կյանքը և վստահության ռեսուրս ունեցող առաջնորդների սպանությունից հետո, ըստ էության, փորձարկում էր մեր` փլատակի վերածված քաղաքական համակարգի տարբեր սեգմենտների «կենսունակությունը»: Խորհրդարանական արյունոտ դրամայից հետո երկրում, ըստ էության, երկիշխանություն հաստատվեց: Մի կողմից Ռոբերտ Քոչարյանը հետևողականորեն փորձում էր դուրս գալ «անգլիական թագուհու» կարգավիճակից, մյուս կողմից` Երկրապահի և բանակի գեներալիտետը համախմբվել էին վարչապետ նշանակված Արամ Սարգսյանի` Սպարապետի եղբոր շուրջը, և փորձում էին հետամուտ լինել «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանը` հրապարակավ հասկացնելով, որ իրենց կասկածների սլաքն ուղղված է Ռոբերտ Քոչարյանի կողմը: Հենց այս հարթության վրա առաջանում են մի քանի սկզբունքային հարցեր: Ինչո՞ւ չբացահայտվեց ոճրագործությունը, եթե նախաքննության մարմինը ղեկավարում էր Սարգսյանների ընտանիքի և Երկրապահի ղեկավարության վստահությունը վայելող Գագիկ Ջհանգիրյանը: Միանգամից պարզաբանենք, որ, հանցագործությունը, ըստ էության, բացահայտված է, պարզապես հրապարակայնացված չեն կազմակերպիչների անունները, որովհետև փորձառու Գագիկ Ջհանգիրյանը, ըստ ամենայնի, մոտիկից գիտեր Երկրապահի ղեկավարության որակը և վստահ էր, որ երկիշխանությունը չի ավարտվելու նրա հաղթանակով: Գագիկ Ջհանգիրյանն իրեն չէր կարող թույլ տալ` Ռոբերտ Քոչարյանի կամ ռուսական կայսրության հաջորդ զոհը դառնալու «շռայլությունը»: Ինչո՞ւ վարչապետ Արամ Սարգսյանը չպատժեց Ռոբերտ Քոչարյանին, երբ գրեթե համոզված էր, որ նրա «մատը» խառն էր «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպմանը: Սարգսյանների ընտանիքը կանգնած է 88-ի շարժման և Երրորդ հանրապետության ակունքներում և բնական էր, որ Արամ Սարգսյանը` չնայած փորձառության բացակայությանը, վարչապետի պաշտոնը չշփոթեց քիլլերի «էժան ծառայության» հետ: Այնուամենայնիվ, Արամ Սարգսյանի շուրջ համախմբված երկրապահական վերնախավի պարտությունը կանխորոշված էր, որովհետև նրանց հիմնական հակառակորդն ոչ թե Քոչարյանն էր` ինչպես պատկերացնում էին նրանք, այլ` Մոսկվան, որը խնդիր էր դրել ոչնչացնել Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգությունը: Ավելին` Մոսկվան տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ հասավ նրան, որ Հայաստանի իշխանության երկու հակամարտ թևերը մրցակցության մեջ մտան միմյանց հետ` իր «դաբրոն» ստանալու համար: Այս հարթության վրա ամեն բան կանխատեսելի էր, և շուտով վարչապետ Արամ Սարգսյանը, ըստ էության, մենակ էր մնացել` Ռոբերտ Քոչարյանի կողմից պաշտոններ և «աստղեր» ստացող Երկրապահի ղեկավարության քաղաքական «դասալքության» ֆոնին: Քոչարյանի ներիշխանական հակառակորդները հասարակության գործոնն օգտագործելու փոխարեն` հույսները դրել էին Մոսկվայի աջակցության կամ այն բանի վրա, որ ընդամենը երկու տարի առաջ նախագահական նստավայրից հեռացած Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջնորդի իրենց պայքարը: Առաջին նախագահը թերևս հենց սկզբից հասկացել էր, թե որտեղից են փչում «Հոկտեմբերի 27»-ի քամիները ու իրեն դրեց «խաղից դուրս» վիճակում: Իսկ Վլադիմիր Պուտինը նույնիսկ համաձայնեց Կրեմլում ընդունել Արամ Սարգսյանին, սակայն այդ հանդիպումը դարձավ Քոչարյանին ընդդիմացող վարչապետի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի «կարապի երգը»: Ռոբերտ Քոչարյանը Արամ Սարգսյանին պաշտոնանկ անելու պատճառների շարքում նշել էր նաև երկրում ծնելիության ցուցանիշների անկումը: Քոչարյանն ինտելեկտով երբեք չի փայլել, բայց քանի ամրապնդվում էր նրա իշխանությունը, նա ավելի ցինիկ ու ամբարտավան էր դառնում: Վազգեն Սարգսյանի սպանությունից ընդամենը վեց ամիս հետո նրա թիմը` որպես ինստիտուցիոնալ ամբողջություն, ոչնչացված էր: Երկրապահի վերնախավի զգալի մասը ծառայության էր անցել Քոչարյանի ճամբարում, մյուսները հալածվեցին և դուրս մղվեցին իշխանությունից: «Հոկտեմբերի 27»-ի արյան վրա ամրապնդվում էր Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանությունը, Հայաստան էր ներխուժել ռուսական կայսրությունը: