Մինչև որտեղ, մինչև երբ․ Հայաստանը շարունակում է մեկուսանալ

Մինչև որտեղ, մինչև երբ․ Հայաստանը շարունակում է մեկուսանալ

Քրդերն ասում են, որ իրենց միակ դաշնակիցը լեռներն են: Այս ասացվածքը դարեր առաջ գուցե նույնիսկ ակնածանք առաջացներ, հիացմունքով խոսեինք ժողովրդի մասին, որը տոգորված է «վճռական մենակի գիտակցությամբ»: Սակայն ժամանակները փոխվում են, գլոբալիզացված աշխարհում քրդերի հայտնի խոսքը, կամ «Մենք ենք, մեր սարերը» տրամաբանությունը, որով վարակված է մեր էլիտայի առնվազն մի մասը, արդեն ոչ թե «վճռական մենակի գիտակցության», այլ` պետականության գիտակցության դեֆիցիտի դրսևորում է: Հայաստանի քաղաքական, փորձագիտական շրջանակներում ոգևորված են Ադրբեջանի շուրջ բորբոքված կոռուպցիոն վերջին սկանդալի հարուցած հետևանքներով` չնայած, եթե խնդրին նայենք ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հեռանկարի տեսանկյունից, ապա միջազգային հանրությունից մեկուսացած ու Ռուսաստանի գիրկը նետված Ադրբեջանը շատ ավելի լուրջ մարտահրավեր է հայկական շահերի համար: Սակայն եթե նույնիսկ Ադրբեջանը մեկուսանում է միջազգային հանրությունից, ապա դրանում գրեթե զրոյական է հայկական դիվանագիտության ներդրումը, կամ, որ ավելի կարևոր է` տեսանելի չէ այն քաղաքական դիվիդենտը, որն ունենալու է Հայաստանն Ադրբեջանի իզգոյացումից: Միջազգային հարաբերություններում ներկայանում են սեփական օրակարգով, այցեքարտով` հաջողության երաշխիք համարելով ոչ թե հակառակորդի ձախողումը, այլ` սեփական ռացիոնալ քաղաքականությունը: Մինչդեռ Հայաստանն` իր դիվանագիտական անկյալության, սուբյեկտության փոշիացման ֆոնին, հույսը դրել է Ադրբեջանի ձախողումների վրա: Ցավալին այն է, որ նման իրավիճակում Երևանը կորցնում է նույնիսկ տարածաշրջանային գործընթացներին ադեկվատ արձագանքելու կարողությունը, այլապես Ադրբեջանի մոտալուտ մեկուսացման լեգենդը չէր դառնա Հայաստանի քաղաքական պլանավորման առանցք: Հատկապես, երբ հոկտեմբերի 30-ին գործարկվում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին, որն ամբողջացնում է Հայաստանի տոտալ բացակայությունը ռեգիոնալ ինտեգրացիոն բոլոր նախագծերից: Հայաստանի իշխանություններն` օֆիցիոզ քարոզչության մակարդակով, անընդհատ հասարակությանը տրամադրում էին այն մտքին, որ այս նախագիծը կյանքի չի կոչվի, որովհետև այն ձեռնտու չէ տնտեսական առումով, բացի այդ` մատնանշվում էին գործոններ, որոնք թույլ չէի տալու, որպեսզի Հայաստանը հայտնվի տարածաշրջանային համագործակցության լուսանցքում: Իրականում` այդ փաստարկները ոչինչ չարժեին, որովհետև նույնիսկ հայ-վրացական հարաբերությունները չդարձան այն ազդեցիկ հանգամանքը, որպեսզի վերանայվի Թբիլիսիի դիրքորոշումը: Այստեղ տեղին է նկատել, որ հայ-վրացական հարաբերությունները` բարեկամական լինելով հանդերձ, զուրկ են քաղաքական օրակարգից, բովանդակությունից, ինչի պերճախոս դրսևորումն է այն հանգամանքը, որ Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետ, այլ` լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանն, ով Թբիլիսի մեկնեց, որովհետև Երևանում հայտնվել էր «կադրերի տրամադրության տակ»: Սակայն վերադառնանք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին: ԲԹԿ-ի կառուցումը մեծ հեռանկարներ է խոստանում տարածաշրջանային համագործակցության, տարանցիկ հնարավորությունների, ապրանքաշրջանառության մեծացման տեսանկյունից և առնվազն ցավալի է, որ Հայաստանը դուրս է մնում նման նախագծից, ավելին` Գյումրի-Կարս չգործող երկաթուղին կորցնում է իր ռազմավարական, քաղաքական, կոմունիկացիոն նշանակությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով այն փաստը, որ վերջերս հայ հասարակությունում սկսվել է քննարկվել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղուց Հայաստանի օգտվելու հարցը, ասել է, որ այն բանից հետո, երբ Հայաստանն իր զորքերը դուրս կբերի «ադրբեջանական տարածքներից», այդ ժամանակ էլ կկարողանա օգտվել տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունից։ Հաջիևն, իհարկե, նոր բան չի ասել և կրկնել է այն, ինչն ադրբեջանական պաշտոնական քաղաքականություն է քսան տարուց ավելի: Մյուս կողմից` փաստ է, որ Հայաստանը տարածաշրջանային չուլանի դերում է հայտնվել` առավելապես հայ-ադրբեջանական և հայ-թուրքական լարված հարաբերությունների հետևանքով: Ասվածն, իհարկե, չի նշանակում, որ ԼՂ խնդրում հայկական կողմը պետք է տեղի տա Բաքվի պահանջներին, սակայն ստեղծված իրավիճակն առնվազն առիթ պետք է հանդիսանա, որպեսզի լուրջ քննարկման թեմա դառնա Հայաստանի Ղարաբաղյան քաղաքականության արդյունավետության հարցը: Ավելի շուտ` մենք գործ ունենք քաղաքականության բացակայության հետ, որովհետև Լևոն-Տեր Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի իշխանության քաղաքականության միակ նպատակը դարձել է ստատուս-քվոյի պահպանումը, ընդ որում` խեղված է իշխանությունների պատկերացումը ստատուս-քվոն բանաձևելու հարցում, որովհետև ստատուս-քվոյի միայն այսբերգային հատվածն է վերաբերվում բուն հակամարտությանը կամ շփման գծում տիրող իրավիճակին, իսկ դրա խորքում գործ ունենք միջազգային, տարածաշրջանային, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական գործոնների մի ամբողջ համակարգի, հանրագումարի հետ: Այսինքն, պարզունակ այն թեզը, որ եթե ԼՂ խնդրով փոխզիջումային փաստաթուղթ չի ստորագրվել կամ տարածքային զիջում չի եղել, ուրեմն` ստատուս-քվոն պահպանված է, մեղմ ասած, քաղաքական անմեղսունակություն է: Բավական է նշել, որ 1994-ից հետո Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր նախագծերից, կորցրել է իր սուբյեկտությունը հայ-ռուսական հարաբերություններում: Այս ամենն, ի վերջո, իր ազդեցությունն է ունենալու ԼՂ խնդրում, ինչի առաջին դրսևորում-ահազանգն, ըստ էության, Ապրիլյան պատերազմն էր, որը հայկական կողմի համար կորստսբեր եղավ անգամ տարածքային առումով: Պետք չէ ոգևորվել բանակցային գործընթացում ստատուս-քվոյի պահպանման հանգամանքով և անհրաժեշտ է շեշտը դնել նախաձեռնողական արտաքին քաղաքականության վրա` ԼՂ հարցը արժանապատիվ խաղաղության պլատֆորմով լուծելու նպատակով, որովհետև Հայաստանը չունի ռեսուրսներ հակամարտության ռեժիմում զարգանալու համար` առանց ինքնիշխանության հատկանիշները կորցնելու: «Հակամարտություն-փակ սահմաններ-մենաշնորհներ-ավտորիտար համակարգ- օլիգոպոլ տնտեսություն» ստատուս-քվոն մսխում է Հայաստանի սուբյեկտությունը, զարգացման հեռանկարը` մեծացնելով մեր երկրի կախվածությունը Մոսկվայից և նրան մղելով հարավկովկասյան ինտեգրացիայի լուսանցք: