Անհեռանկար խոստում է. Իրանից թուրքմենական գազի մուտքը Հայաստան չի լինի իրական դիվերսիֆիկացիա

Կան հայ-թուրքմենական համագործակցության ոլորտներ, որոնց զարգացումը կարող է հեռանկարային լինել, և դրանք տեղ են գտել մեր կառավարության այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցություններում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։ Նրա խոսքերով՝ գլխավոր հիմնախնդիրը՝ կապված թուրքմենական գազը Հայաստան արտահանելու հետ, այն է, որ վերջին 2-3 տարիներին Հայաստանի էներգետիկ քաղաքականության ոլորտում հիմնական օրակարգային հարցերը բավականին հաճախ փոփոխությունների են ենթարկվում. «Օրինակ՝ 2015-ին ակտիվորեն խոսվում էր այն մասին, որ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ իրանական գազը Վրաստան հասցնելու համար։ Այնուհետև խոսվում էր Իրանից գազի ծավալների ներկրման պարբերական ավելացման մասին, Իրան-Հայաստան գազատարի ամբողջական ներուժն օգտագործելու մասին։ Հիմա նորից օրակարգը փոխվում է ու խոսում են Թուրքմենստանի գազի մասին»։ Անդրադառնալով հայտարարություններին, թե իրանական գազն ավելի թանկ է, Դավթյանն ասաց. «Այո, այդպես է, բայց եթե լիներ համապատասխան քաղաքական լուծում և քաղաքական դիրքորոշում հայտնվեր, բնականաբար, այդ սակագնային քաղաքականությունը ևս կարող էր որոշակի ձևափոխումների ենթարկվել և համապատասխանեցվել մեր շուկայական իրողություններին։ Այդ մասին իրանցի դիվանագետները նույնպես խոսել են»։ Վահե Դավթյանը նկատեց, որ օրակարգերի պարբերաբար փոփոխությունը կարծիք է ձևավորում, որ մեր էներգետիկ քաղաքականության մեջ բացակայում է հեռանկարային, գոնե միջնաժամկետ զարգացման ռազմավարությունը կամ տեսլականը։ «Տպավորությունն այնպիսին է, որ մենք փորձում ենք ադապտացվել արտաքին շուկայում տեղի ունեցող զարգացումներին ու կոնյուկտուրային։ Իսկ կոնյուկտուրան տվյալ դեպքում հետևյալն է. 2016 թվականից ի վեր, գիտենք, որ Թուրքմենստանը հրաժարվել է Ռուսաստան գազ արտահանելուց, դա պայմանավորելով նրանով, որ Ռուսաստանում գազի բավական մեծ պարտք է գոյացել, և Ռուսաստանն իր հերթին չի փորձում քայլեր ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար։ Ռուս-թուրքմենական հռետորաբանությունը ծանր է և էներգետիկ կապերը գրեթե խզված են։ Եթե ուշադրություն եք դարձրել, Թուրքմենստանի հետ մեր էներգետիկ երկխոսությունը զարգացնելու վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին հենց այն ժամանակ, երբ սկսվեցին խզվել ռուս-թուրքմենական էներգետիկ կապերը։ Բնականաբար, քանի որ Թուրքմենստանը կորցնում է ռուսական մեծ շուկան, փորձում է դիվերսիֆիկացնել իր մատակարարման ուղիները»։