Պետության ոչնչացումը՝ իշխանության թալանի և կոռուպցիայի ֆոնին

Պետության ոչնչացումը՝ իշխանության թալանի և կոռուպցիայի ֆոնին

Երևանի տարեդարձին նվիրված պալատական միջոցառումների լուսաբանմանը զուգահեռ երեկ հանրությանը մատուցվում էր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մտահոգ ու խստապահանջ կերպարը: Համենայն դեպս, նախարարը երեկ լրատվական թողարկումների հերոսն էր, որովհետև նախօրեին հասել էր Դիլիջան և ազգային պարկում Տավուշի մարզի դատախազի, «Պանտերա սիքյուրիթի» ընկերության ղեկավարության և այլ պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել էր խորհրդակցություն, որտեղ հայտարարություններ են արվել անտառպահպանությունը խստացնելու և ապօրինի անտառհատումների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելու մասին։ Իշխանության գործադիր և իրավապահ մարմինների ցուցադրական վճռականության ֆոնին նույն օրը երեկոյան մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, քաշքշել նրանց, որից հետո հրկիզել են ընկերությանը պատկանող անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի: Այս միջադեպի մեղավորները հավանաբար կհայտնաբերվեն, կենթարկվեն պատասխանատվության, սակայն տեղի ունեցածի խորքային նստվածքը դրանից չի վերանա, որովհետև գործ ունենք պետական մարմինների, պետության հանդեպ հասարակության վստահության տոտալ ճգնաժամի հետ: Վերջին ամիսներին Տավուշի մարզի բնակիչները բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել, անգամ ավտոճանապարհ փակել՝ պահանջելով վերացնել անտառ մտնելու, ծառեր հատելու սահմանափակումները։ Տավուշցիները բողոքում են, որ անտառամերձ տարածքներում ապրելով, զրկվել են եկամտի միակ աղբյուր դարձած անտառից։ Տավուշցիների պահանջն, ըստ էության, ապօրինի է և, եթե նման բան տեղի ունենար իրավական երկրում, ապա ակցիաների կազմակերպիչները նույնիսկ պատասխանատվության կենթարկվեին, որովհետև պահանջում են, որպեսզի պետությունն օրինականացնի իրենց ապօրինի գործունեությունը: Սակայն տավուշցիների նույնիսկ ապօրինի պահանջն ավելի լեգիտիմ, բարոյական առումով մոտիվացված է թվում, քան հնարավոր սանկցիաները, որոնք կարող են կիրառվել իշխանությունների կողմից: Տեղացիներն, ըստ էության, իրենց փայտն են պահանջում կոռումպացված իշխանությունից, որը բոլորի աչքի առաջ ասպատակում է անտառը` ծառերի խմբակային հատումը դարձնելով զոռբա իշխանավորների և հաստավիզ օլիգարխների բիզնես քվոտա: Եթե տավուշցիների համար անտառը եկամտի միակ աղբյուր է, ապա քրեաօլիգարխիայի համար անհագ հարստության հերթական կարաս: Ժամանակին, երբ Երևանի այդ օրերի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը մայրաքաղաքի կարիքների համար Ռոբերտ Քոչարյանից բյուջետային հատկացումներ էր խնդրել, նախագահը հեգնական տոնով պատասխանել էր, թե փողի վրա նստած` փող եք ուզում: 2000 թ-ին Երևանը բյուջե չուներ, և Քոչարյանն, ըստ էության, քաղաքապետին հորդորում էր Երևանը պահել պետական ռեկետի, թալանի միջոցով: «Փողի վրա նստած» լինելու կոռուպցիոն, գիշատիչ բանաձևը դարձավ իշխանության գործունեության, թալանի առանցքը: Հիմա մեր պաշտոնյաները, օլիգարխները անխնա, «լեգիտիմ» իրավունքով թալանում են այն ոլորտները, որոնց վրա «նստած» են: Կոռուպցիոն այս մտածողությունը ներարկվել է նաև հասարակությանը, որը վաղուց գիտի, որ հույսը չպետք է դնի ոչ պետության և ոչ էլ նույնիսկ` իր շնորհների վրա: Խորապես համոզված ենք, որ եթե նույն դիլիջանցին, տավուշցին աշխատանքի կամ սոցիալական երաշխիքների մասով դիմեն իշխանություններին, ապա լսելու են վերջիններիս պատասխանը` «փողի վրա նստած` փող եք ուզում» տրամաբանությամբ: Տավուշցիների «փողը», տվյալ պարագայում, անտառն է: Տավուշցիներն ամեն օր տեսնում են, որ գործ ունեն անտառի հաշվին հարստացող, իրենց բնության հաշվին դղյակներ կառուցող իշխանավորների հետ և իրենց փայն են պահանջում անտառից` գոնե ապրելու իրավունքը չկորցնելու համար: Երբ իշխանությունները վերից վար կոռումպացված են, ապա նրա «օրինապաշտության» ցուցադրությունն ավելի է բորբոքում մարդկանց` նվաստացնելով վերջիներիս արժանապատվությունը: Դեռևս բացահայտված չեն նախօրեի հրկիզման մոտիվները, սակայն դրանք հաստատ տեղավորվում են իշխանության, ցավալիորեն` նաև հասարակության կոռուպցիոն մտածողության շղթայում: