Սերժ Սարգսյանի նոր պարտիան

Սերժ Սարգսյանի նոր պարտիան

Վաղը Ժնևում կայանալու է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ այդ հանդիպումից արդյունքներ չի սպասում գործնականում որևէ մեկը: Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները վաղուց են յուրացրել նման հանդիպումների «արդյունավետությունը». դրանց նախորդում և հաջորդում է Երևանի և Բաքվի դիվանագիտական պոլեմիկան, որը հաճախ, շատ հաճախ ուղեկցվում է սահմանային լարվածությամբ և անդառնալի կորուստներով: Նման հանդիպումներից առաջնորդները, որպես կանոն, վերադառնում են «հաղթողի» կարգավիճակով, որովհետև ոչ մի սանտիմետր չեն նահանջել իրենց նախնական դիրքերից: Մեծ հաշվով` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում են կարգավորման հեռանկարը` այն դարձնելով ավելի մշուշոտ և անտեսանելի: Համանախագահները պրագմատիկ դիվանագետներ են և հազիվ թե պատրանքներ ունենան, որ այսօրվա համատեքստում հնարավոր է թեկուզև չնչին առաջընթաց գրանցել կարգավորման գործընթացում: Լավագույն դեպքում` նրանք փորձում են մեղմել հայ-ադրբեջանական լարվածությունը, իսկ, որպես կանոն, ապահովում են միջնորդական այս բացառիկ փևաչափի «կենսունակությունը», որովհետև Մինսկի խմբի համանախագահությունը միակ հարթակն է, որտեղ նոր Սառը պատերազմը չի ոչնչացրել Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների որոշակի կառուցողականությունը: Այս օրերին ամենաարծարծվող հարցերից մեկն այն է, թե ինչու Սարգսյանն ու Ալիևը համաձայնեցին հանդիպման, եթե անգամ ՄԱԿ-ի բարձր ամբիոնն օգտագործեցին կոշտ հռետորաբանության նպատակով կամ նույնիսկ Ժնևի ճանապարհին դեռ շարունակում են հեռակա դիվանագիտական կոշտ բանավեճը հանդիպման օրակարգի շուրջ: Հանդիպման կայացման տարբեր վարկածներ են առաջ քաշվում, հիմնականում` գլոբալ, աշխարհաքաղաքական, սակայն դրանցից որևէ մեկը չի գալիս հաստատելու, որ Ղարաբաղյան հարցն առաջնահերթություն է դարձել համաշխարհային քաղաքականության օրակարգում` հատկապես կորեական և իրանական ճգնաժամների ֆոնին: Մինչդեռ տեսանելի, առարկայական է Ժնևի հանդիպման ներքաղաքական ենթատեքստը թե Սերժ Սարգսյանի և թե Իլհամ Ալիևի համար: Սա է այն կոնսենսուսը, հիմնավոր պատճառը, որ նրանց հասցնում է Ժնև` առանց որևէ նախադրյալի, հույսի, հեռանկարի, որ իրենց հանդիպումը կարող է ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը: Հայաստանի ոչ մի իշխանություն իրապես չի փորձել կարգավորել ԼՂ հարցը` այն Հայաստանի զարգացման բանալի դարձնելու հեռանկարով: Նույնիսկ` Լևոն Տեր-Պետրոսյանը, ով, թերևս, հայաստանյան էլիտայում շարունակում է մնալ միակը, ով 1997թ-ի վերջին ներկայացրեց կարգավորման իր ծրագիրը` երկրի զարգացման համատեքստում: Առաջին նախագահը հրաշալի հասկանում էր, որ ԼՂ խնդիրը լուծելու բարենպաստ պահը բաց է թողել և իր իրապես կոնցեպտուալ հոդվածն իրականում դառնալու է ոչ թե «պատերազմի և խաղաղության» երկընտրանքի քաղաքական, հանրային քննարկումների, այլ ներիշխանական հարաբերություններ պարզելու առիթ: Այդպես էլ եղավ ու «հաղթողական» ծրագրով իշխանությունը զավթեց Ռոբերտ Քոչարյանը, ով իրականում կարգավորման գործընթացում «հաղթեց» Արցախի ինքնորոշմանը` Ստեփանակերտին դուրս մղելով բանակցությունների սեղանից, Հայաստանին` Մեղրիի փոխանակման նվաստացուցիչ տարբերակի քննարկումով կասկածի տակ դնելով մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Կարգավորման գործընթացի իմիտացիայի շնորհիվ Քոչարյանը շահեց իր անսահմանափակ իշխանությունը, երկիրը թալանելու միջազգային «ինդուլգենցիան»: Սկզբունքորեն որևէ բան չի փոխվել նաև Սերժ Սարգսյանի պարագայում, որովհետև Արցախի սռաջնագծի խրոխտ ելույթով նա սկզբունքորեն լուծում է ոչ թե երկրի պաշտպանության, այլ այդ թեման մենաշնորհելու հարց: ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը ոչ թե համազգային օրակարգ է հնչեցնում, այլ մեր հասարակության աչքերում կերտում է «համազգային լիդերի» իր կերպարը: Նույն կերպ` Ժնևը ծառայելու է ոչ թե կարգավորման գործընթացին կամ գոնե դրա շուրջ քաղաքական, հասարակական դիսկուրսին, այլ` ԼՂ, անվտանգության հարցերում «անփոխարինելի» առաջնորդի կերպարի ձևավորմանը: Ժնևի հանդիպումը հաստատ ազդակ չի տալու կարգավորման գործընթացին, սակայն կարող է կարևոր գործոն դառնալ 2018-ի ներիշխանական զարգացումների համատեքստում: Սերժ Սարգսյանը Վիեննայում գուցե ոչ թե պարտիա է եզրափակում, այլ սկսում է նորը, որը կարող է շարունակել միայն ինքը: