Ադրբեջանը դիվանագիտական չվերթներով  զենք է մատակարարում ահաբեկիչներին. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ–ում

Ադրբեջանը դիվանագիտական չվերթներով զենք է մատակարարում ահաբեկիչներին. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ–ում

Ստրասբուրգում այսօր շարունակվող ԵԽԽՎ լիագումար նիստում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է ադրբեջանական պատվիրակության անդամների հայտարարություններին։ Զոհրաբյանն ասել է՝  հայտնի խոսք կա՝ ինչպես գողը առաջինն է գոռում բռնեք գողին, այնպես էլ  Ադրբեջանի  պատվիրակները  իրենց երկրի կատարած ռազմական հանցագործությունները փորձում ծածկել՝ այս ամբիոնից լկտի սուտ տարածելով։  Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է նաեւ, որ պաշտոնական Բաքուն, օգտագործելով  դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի  Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ահաբեկիչներին՝ ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի գործընկերներ, Երեկ, երբ մենք քննարկում էինք Իսլամական ահաբեկչական պետության կատարած հանցագործությունները,  որոնք մեկ բնորոշում ունեն՝ ցեղասպանություն, ինձ թույլ չտվեցին ելույթ ունենալ եւ խոսել այն սարսափների մասին, որոնց ենթարկվում են եզդիները, քրիստոնյաներն ու  ոչ սունի մահմեդականները։ Սակայն ամենազավեշտալին այն է,  որ ահաբեկչությունից խոսում է մի երկրի՝ Ադրբեջանի  պատվիրակը, որի երկիրը վաղուց արդեն գործում է Իսլամական ահաբեկչական պետության  նույն ձեռագրով, եւ որի բանակը համալրված է վարձկան-մարդասպաններով։ Եւ ըստ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների, ադրբեջանական վարձկանների թվում նաեւ ԴԱԻՇ-ի մարդասպաններ կան, որոնք սովոր են  գլխատել, մորթել եւ անարգել զինվորներին ու քաղաքացիական անձանց եւ  ապրիլյան պատերազմը դրա վկայությունն էր։ Հարգելի խորհրդարան, ես  կոչ եմ անում  մեր Վեհաժողովին ուսումնասիրել  բուլղարական «Տրուդ» թերթի հետաքննությունը, ըստ որի՝ պաշտոնական Բաքուն, օգտագործելով  դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի  Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։ Ըստ անցկացված հետաքննության՝ Ադրբեջանի պետական «Silk Way Airlines» ավիաընկերությունը, դիվանագիտական չվերթների քողի տակ իրականացրել է առնվազն 350 թռիչք և յուրաքանչյուր չվերթի ժամանակ  ահաբեկիչներին է մատակարարել մի քան տասնյակ տոննա ծանր զենք և զինամթերք։ Նման դիվանագիտական չվերթները չեն ենթարկվում ստուգումների և միջազգային կանոնակարգման, եւ այդ չվերթներով զենք է մատակարարվել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո։ Հարգելի գործընկերներ, Մենք իրավունք չունենք անտեսելու լրջագույն այս փաստերը, որքան էլ արդբեջանական պատվիրակության անդամները փորձեն ցանկացած ամբիոն ապականել ստով եւ ապատեղեկատվությամբ»։