Մանրամասներ՝ Վանաձորում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքից

Մանրամասներ՝ Վանաձորում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ Վանաձորում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2017թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ահազանգ է ստացվել առ այն, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատաներից մեկում, որտեղ հայտնաբերվել է 2013թ.  ծնված երեխայի դի՝ մասնակի այրված վիճակում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի դատավարական այլ գործողություններ: Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ մանկահասակ երեխան տանը գտնվել է մենակ. մայրը մյուս երեք երեխաների հետ տանից բացակայել է: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի առաջացման պատճառները, երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: