Եթե ՀՀ նախագահն առաջադրում է, ուրեմն արժանի է. Կ. Նահապետյանը՝ Ռուբեն Սադոյանին դեսպան նշանակելու հավանականության մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը որեւէ լրացուցիչ տեղեկություն չունի Վրաստանում Հայաստանի դեսպանի հնարավոր թեկնածուի մասին: Պաշտոնյան այս մասին ասաց՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ տեղեկություն  ունի այդ գործընթացի մասին, եւ թե արդյոք այդ հարցը քննարկվել է կուսակցության ներսում: «Դուք գիտեք, որ մոտ ժամանակահատվածում Վրաստանում նշանակվելու է Հայաստանի Հանրապետության նոր դեսպան: Այդ ամենը կատարվում է սահմանված ընթացակարգերին համապատասխան: Այդ ընթացակարգերի որոշակի հատված, բնականաբար, գաղտնի է եւ հրապարակման ենթակա չէ», -ասաց պատգամավորը: Անդրադառնալով քաղաքագետ Սերգեյ Մինասյանի թեկնածության հավանական չեղարկման մասին խոսակցություններին՝ Կորյուն Նահապետյանը նշեց, որ նման բան չկա: «Դուք որոշակի ենթադրություններ եք անում: Դեսպանների նշանակման գործընթացն ունի իր տրամաբանությունը: Կան միջազգայնորեն ընդունված որոշակի ձևաչափեր եւ ընթացակարգեր, որոնց շրջանակներում էլ այդ ամենը տեղի է ունենում»,-ասաց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ այն անձինք, ովքեր հանրապետության Նախագահի կողմից կառաջադրվեն դեսպանի պաշտոնում, արժանի են: