Հանրապետական «արջերի» եվրոպական արկածները

Հանրապետական «արջերի» եվրոպական արկածները

Արմեն Աշոտյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ ՀՀԿ ներկայացուցիչը Խորվաթիայում մասնակցելու է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քարոզչական խմբերի պատասխանատուների հանդիպմանը: Եվրոպայի ամենամեծ ու հեղինակավոր կուսակցությունը պատրաստվում է մասնակցել 2019թ.-ի մայիսին նշանակված Եվրախորհրդարանի ընտրություններին, և նման հանդիպումները միանգամայն օրինաչափ են: Նման ձևաչափերին ՀՀԿ-ի մասնակցությունը նույնպես բացատրելի է, որովհետև ի վերջո եվրոպական քաղաքական, ընտրական մշակույթը յուրացնելու խնդիր ունեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը: Արտառոցն Աշոտյանի երեկվա ձևակերպումն է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում իր կիրառած տեխնոլոգիաները փոխանցել եվրոպացի գործընկերներին: Այս հայտարարությունն իր քաղաքական ցինիզմով ոչ միայն եվրոպացիներին, այլ նաև մեր հասարակությանը ծաղրելու փորձ է: Թերևս հարկ կա խոսելու Հայաստանի վերջին ընտրությունների մի քանի առանձնահատկությունների մասին, որպեսզի անգամ PR-ի նպատակով դրանք դադարեն խաղարկվել իշխանությունների կողմից՝ մատուցվելով որպես օրինականության, ժողովրդավարության ձեռքբերում: Իհարկե, կարող ենք սահմանափակվել Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հակիրճ ձևակերպմամբ և սահմանափակվենք ընտրական գործընթացին տրված «քաղաքական կոռուպցիա» դիպուկ ձևակերպմամբ: Այնուամենայնիվ, կարծում ենք՝ անհրաժեշտություն կա որոշ փակագծեր բացել, որպեսզի «անցնցում ընտրությունները» չշփոթվեն օրինական ընտրությունների հետ, կամ հետընտրական հանրահավաքների բացակայությունը չբացատրվի այն հանգամանքով, թե իբր կա հանրային ռացիոնալ կոնսոլիդացիա ընտրությունների արդյունքների շուրջ: ՀՀԿ-ի ընտրական միակ տեխնոլոգիան եղել է «տասը հազար դրամի» գործարքը, որն էլ դարձել է քրեաօլիգարխիայի և աղքատության ճիրաններում հայտնված ու այլընտրանքից զրկված հասարակության կոնսենսուսի առանցքը: Ընդդիմադիր որևէ ուժ չկարողացավ հանրությանն առաջարկել քաղաքական «պրոդուկտ», որն ավելին արժենար, քան այն տասը հազար դրամները, որոնք առատորեն բաժանվեցին ընտրողներին: Ընդ որում՝ «տասը հազար դրամի» օպերացիան ուներ «վերահսկողության» հստակ մեխանիզմ, երբ վարչական և օլիգարխիկ ահաբեկման միջոցով ամբողջովին կառավարվում էր ընտրողի վարքագիծը: Սերժ Սարգսյանի հրապարակային հավատարմությունը եվրոպական արժեքներին կամ Կարեն Կարապետյանի «նոր ոգին» չեն կարող քողարկել քաղաքական կոռուպցիայի այն դրսևորումը, որն արձանագրվեց խորհրդարանական վերջին ընտրություններում: Դա քրեաօլիգարխիայի տոտալ հաղթանակն էր քաղաքական և ընտրական ինստիտուտների նկատմամբ՝ ընդդիմության և այլընտրանքի բացակայության ֆոնին: Հիմա, եթե ՀՀԿ-ն մտադիր է «տասը հազար դրամի» ընտրական տեխնոլոգիան «արտահանել» Եվրոպա, ապա դրանով նա «արջի ծառայություն» է մատուցում ԵԺԿ իր գործընկերներին: Այն, ինչը Հայաստանում բանալի է սեփական իշխանությունը հավերժացնելու համար, քաղաքակիրթ Եվրոպայում կարող է դառնալ «ուղեգիր» երկար տարիներ բանտում անցկացնելու համար: