«Հայաստանի ձախողումից կուտակված մաղձը Մխիթարյանը կթափի «Լիվերպուլի» վրա»

«Հայաստանի ձախողումից կուտակված մաղձը Մխիթարյանը կթափի «Լիվերպուլի» վրա»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» «Էնֆլիդ» մարզադաշտում կմրցի «Լիվերպուլի» հետ: Բուքմեյքերական ընկերությունները կարևորագույն դերբիում կողմերի հնարավորությունները գրեթե հավասար են գնահատում: Մասնավորապես, «Լիվերպուլի» հաղթանակը գնահատված է 2.76, ոչ-ոքին՝ 3.15, իսկ հյուրերի հաղթանակը՝ 2.7 գործակցով: Նշենք, որ առաջիկա հանդիպմանը «Յունայթեդից» չի մասնակցի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին, ով Բելգիայի ազգային հավաքականում վնասել է ծունկը: Արդեն մի քանի հանդիպում է՝ վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս մեկ այլ առաջատար կիսապաշտպան՝ Պոլ Պոգբան: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս ունի, որ Պոգբան շարք կվերադառնա հոկտեմբերի վերջին: 7-րդ տուրից հետո «Յունայթեդը» 19 միավորով 2-րդ հորիզոնականում է, իսկ «Լիվերպուլը» 12 միավորով 7-րդն է: Նշենք, որ 19 միավոր ունի նաև առաջին տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին», որը, սակայն, խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով մի փոքր առավելություն ունի: «Այո, ունենք կորուստներ, բայց դրանք չեն անհանգստացնում ինձ: Նախորդ մրցաշրջանում մենք պարբերաբար զրկվում էինք առաջատարներից, սակայն կարողանում էինք ճիշտ լուծումներ գտնել: Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին և կարծում եմ՝ նրանք պատվով կկատարեն առաջադրանքը: «Լիվերպուլի» հետ հանդիպումն ինձ համար միայն ու միայն խաղ է 3 միավորի համար: Հասկանում եմ, որ դիմակայության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, բայց ես ամենևին լարված չեմ»,- ասել է Մոուրինյոն: Նա հավանական է համարել, որ այս անգամ ևս իրենք կպայքարեն 4-3-2-1 դասավորությամբ: Բրիտանացի մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ «Յունայթեդը» խաղը կսկսի այսպիսի կազմով: Դարպասում կլինի Դավիդ Դե Խեան: Պաշտպանության ձախ եզրում կխաղա Էշլի Յանգը, իսկ աջ եզրում՝ Անտոնիո Վալենսիան: Պաշտպանության կենտրոնում կգործեն Ֆիլ Ջոնսն ու Էրիկ Բային: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Նեմանյա Մատիչն ու Անդեր Էրերան: Կիսապաշտպանության ձախ եզրում էլ հանդես կգա Մարկուս Ռեշֆորդը, իսկ Խուան Մատան կխաղա աջից: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին անգամ կկատարի ենթահարձակվողի պարտականությունը, իսկ հարձակման կենտրոնում կլինի Ռոմելու Լուկակուն: Կասկածից վեր է, որ Ֆելաինիի և Պոգբայի բացակայության պայմաններում կիսապաշտպանությունում մեծ է լինելու Մխիթարյանի դերակարատությունը: «Միկին այնքան էլ լավ տրամադրությամբ չի վերադարձել Հայաստանից: Աշխարհի առաջնության ընտրական փուլում հայերը 6:1 հաշվով զիջել են Լեհաստանին և 1:1 խաղացել Ղազախստանի չափազանց թույլ հավաքականի հետ: Կարելի է ասել, որ մեր ֆուտբոլիստի շնորհիվ Հայաստանը Աստանայում մեկ միավոր վաստակեց: Կարծում ենք՝ Հայաստանի ձախողումից կուտակված մաղձը Մխիթարյանը կթափի «Լիվերպուլի» վրա: Առաջիկա խաղում շատ բան կախված կլինի Միկիից, Լուկակուից և, կարծում եմ, Մատայից»,- թվիթերյան իր էջում գրել է բրիտանացի վերլուծաբան Ռոբերտ Հերիսը, ով հայտնի է նաև հանդիպումների գուշակություններով: Ըստ Հերիսի՝ «Էնֆիլդում» «Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ կտանի 2:1 հաշվով: Բուքմեյքերական ընկերություններն այս խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլի հեղինակ դառնալու համար սահմանել են 3.6 գործակից: Ըստ բուքմեյքերների՝ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» մրցավեճում ամենահավանականը Ռոմելու Լուկակուի գոլի հեղինակ դառնալն է: Բելգիայի հավաքականի հարձակվողի հաջողության հասնելը գնահատված է ընդամենը 2 գործակցով: Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Սիթին» վաղը սեփական հարկի տակ մրցելու է «Սթոք Սիթիի» հետ, և մեծ է հավանականությունը, որ դաշտի տերերը վստահ հաղթանակ կտանեն: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, անդրադառնալով առաջիկա հանդիպմանը, նշել է, որ այն լավ հնարավորություն է առաջին հորիզոնականում ամրապնդվելու: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը փաստորեն կարծում է, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավոր թիմը «Լիվերպուլի» հետ խաղում միավորներ կկորցնի: Նշենք, որ այս մրցավեճից ընդամենը 4 օր հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում հյուրընկալվելու է պորտուգալական «Բենֆիկային»: «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 15:30-ին: