Եթե Սասունցի Դավթի նման դուրս ես եկել փրկելու ազգին, բայց միանում ես Մսրա Մելիքին, արդար չէ. հակադարձում՝ Վիգեն Սարգսյանին

Զինապարտության և զինվորական ծառայության վերաբերյալ բավականին կարևոր օրինագիծ է շրջանառության մեջ դրվել ՀՀ ՊՆ-ի կողմից, ենթադրվում են բեկումնային  հավակնոտ փոփոխություններ, սակայն կան նաև մտահոգիչ, ռումբի էֆեկտ առաջարկող կետեր: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: «Վիգեն Սարգսյանը  պաշտպանության նախարար դառնալուց հետո հրապարակեց  Ազգ-բանակ մոդելը, և այդ գաղափարական մոդելը սնուցող ծրագրեր ներկայացվեցին՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» նախագծերը, որոնք ենթադրում են որոշակի առավելություններ կամ արտոնությունների տրամադրմամբ զորակոչի գործընթացում որոշակի փոփոխություններ կատարել: Դա իրենից ենթադրում է, որ եթե անձը ցանկանում է կամավոր հիմունքներով ծառայել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, նրա ծառայության ժամկետը կարող է լինել երեք տարի, բայց նա արտոնություններ է ստանալու, ստանալու է արձակուրդներ, աշխատավարձն է բարձր լինելու, բայց նաև ուսման բերումով տարկետումների տրամադրման կարգում կատարվել է փոփոխություն հետևյալ տրամաբանությամբ՝ բոլոր բուհերում սովորող արական սեռի քաղաքացիներին  տրվելու է տարկետում, և նրանք սովորելու տարիներին շաբաթական մեկ-երկու անգամ գնալու են ռազմական համալսարաններ և որոշակի պատրաստություն են անցնելու, իսկ բուհը ավարտելուց հետո նրանց հետ կնքվելու է զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիր, և նրանք 3 տարի շարունակելու են ծառայել որպես սպա: Բայց եթե սպա ծառայելու  ժամանակահատվածում փորձելն խզել պայմանագիրը, ուրեմն պաշտպանության նախարարը իրավասություն է ստանալու աստիճանազրկել նրանց որպես շարքային և ուղարկել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Գործող իրավակարգավորումներով միայն դատարանն է իրավասու զինվորականին կոչումից զրկել»,- մանրամասնեց փաստաբանը: Նորայր Նորիկյանը ընդգծեց, որ եթե գործող օրենքներն էլ  իրացվեն,  բանակում որակական փոփոխությունների կհասնեն, կարևոր է լուծել սոցիալական արդարության հարցը, այն, որ բանակում լիեն  ոլորտից հասկացող մարդիկ: «Եղբայր, եթե դու իսկապես դրոշակը վերցրել ես քո ձեռքը ու Սասունցի Դավթի նման դուրս ես եկել փրկելու հայ ազգին, բայց հանկարծ գնում միանում ես Մսրա Մելիքին,  արդար չէ»,- շեշտեց Նորիկյանը: Ըստ նրա՝ եթե Վիգեն Սարգսյանը  պաշտպանական քաղաքականության մեջ ձախողվի, ապա  նրան դատելով անգամ  իրավիճակը չենք փրկի:   Մանրամասները՝ տեսանյութում: