Արա Բաբլոյանը հաշվետու կլինի՞ Արմեն Աշոտյանին

Արա Բաբլոյանը հաշվետու կլինի՞ Արմեն Աշոտյանին

Խորհրդարանի հանրապետական խմբակցության ներսում նոր սկանդալ է հասունանում։ ԱԺ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների հանրապետական ղեկավարները հրաժարվում են կատարել Ազգային ժողովի խորհրդի որոշումները՝ համարելով, որ դա վիրավորում է իրենց ինքնասիրությունը։ Հուլիսի 11-ին ԱԺ խորհուրդը որոշում է ընդունել, որով հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմավորման և գործունեության կարգը։ Այս կարգով նախատեսվում է, որ միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի պատվիրակության ղեկավարները հաշվետու պետք է լինեն ոչ միայն ԱԺ նախագահին, այլ նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, այսինքն՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին։ Ըստ ԱԺ խորհրդի անդամների՝ այդ կարգը գրվել ու խորհրդի հաստատմանն է ներկայացվել Աշոտյանի կողմից, որով նա փորձել է վերահսկողական գործառույթներ ստանձնել միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակությունների նկատմամբ։ Տեսակետ կա, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ով իրեն ապագայում պատկերացնում է ԱԳ նախարարի պաշտոնում, ուզում է վերահսկողություն սահմանել ԱԺ Արտաքին հարաբերությունների ոլորտի վրա։ Այդ որոշման 16-րդ կետում ասվում է, որ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների լիագումար նիստերին և հանձնաժողովների հանդիպումներին, ինչպես նաև կազմակերպության հետ առնչվող այլ միջոցառումներին պատվիրակության անդամների մասնակցության վերաբերյալ պատվիրակության ղեկավարները գրավոր տեղեկացնում են ԱԺ նախագահին, ինչպես նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Այսպիսով, պատվիրակության ղեկավարները մի հաշվետվություն պետք է ներկայացնեն մինչև գործուղման մեկնելը։ Խորհրդի որոշման մեկ այլ կետ էլ պարտավորեցնում է հաշվետվություն ներկայացնել գործուղումից վերադառնալուց հետո։ «Օտարերկրյա պետություն գործուղման մեկնած պատվիրակության վերադառնալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պատվիրակության անդամներն իրենց գործունեության վերաբերյալ գրավոր զեկույցը ներկայացնում են պատվիրակության ղեկավարին։ Պատվիրակության ղեկավարն ամփոփում է պատվիրակության անդամների զեկույցները և տասնօրյա ժամկետում՝ ՀՀ ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ ԱԺ որոշման հավելվածի 145-րդ կետով նախատեսված կարգով ներկայացնում է ԱԺ նախագահին, իսկ պատճենը Արտաքին հարաբերությունների հանձնաժողով։ Հաշվետվությունը պետք է բաղկացած լինի հետևյալ բաժիններից՝ 1․մինչև միջազգային խորհրդարանական կազմակերպության նստաշրջանը կատարած աշխատանքներ, 2․միջազգային խորհրդարանական կազմակերպության նստաշրջանի ընթացքում կատարված աշխատանքներ, 3․միջազգային խորհրդարանական կազմակերպության նստաշրջանից հետո անելիքներ, 4․այլ աշխատանքներ (այդ թվում՝ գործընկերային բազայի թարմացում)», սա էլ ԱԺ խորհրդի ընդունած որոշման 31-րդ հոդվածն է։ Այս հոդվածը հակասում է ոչ միայն Սահմանադրությանը, այլ ընդհանրապես քաղաքական տրամաբանությանը։ Ի՞նչ հիմքով պետք է ընդդիմադիր խմբակցության պատգամավորը գրավոր հաշվետվություն ներկայացնի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահին, թե ինչ է ինքը պատրաստվում անել խորհրդարանական վեհաժողովում, իսկ հետո էլ հաշվետու լինի, թե ինչ է արել այնտեղ։ Չորրորդ կետը ընդհանրապես զավեշտ է՝ գործընկերային բազայի թարմացման առումով։ Պատգամավորը պետք է հաշվետվություն տա, թե միջազգային կառույցում ում հետ է ծանոթացել, ում հետ է սուրճ խմել և ում հետ է ընդհանրապես հարաբերվել։ Գուցե հետագայում պահանջեն, որ պատգամավորը ներկայացնի միջազգային խորհրդարանական կառույցների պատերի ներսում և դրանցից դուրս ունեցած զրույցների «ստենոգրաֆիան»։ Զավեշտալի է նաև այն, որ այս նույն որոշմամբ հնարավորություն է ստեղծվում կարգը խախտած պատգամավորներին հետ կանչել պատվիրակության կազմից, և խմբակցությունների ղեկավարներին պարտադրել, որ նրանք ներկայացնեն ավելի հնազանդ պատգամավորի թեկնածու։ Կասկած չկա, որ եթե ԱԺ խորհուրդը որոշի կյանքի կոչել իր այս որոշման հիշյալ դրույթը, ապա այն նոր սկանդալի պատճառ կարող է դառնալ, քանի որ «Ելք» և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները հաստատ կբոյկոտեն նման կամայականությունը։ Երբ այս կարգը հուլիսի 11-ին քննարկվել և հաստատվել է ԱԺ խորհրդում, դրա ընդունմանը դեմ են քվեարկել «Ծառուկյան» դաշինք և «Ելք» խմբակցությունների ներկայացուցիչները։ Քանի որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները խորհրդում մեծամասնություն են կազմում, նրանց քվեարկության շնորհիվ որոշումն ընդունվել է։ Բայց խորհրդի նիստին չեն մասնակցել Ազգային ժողովի երկու ամենակարևոր միջխորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները՝ Արփինե Հովհաննիսյանը, ով ղեկավարում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը, և Կորյուն Նահապետյանը, ով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ԱԺ պատվիրակության ղեկավարն է։ Հենց նրանք են, որ բոյկոտում են ԱԺ խորհրդի որոշումը և հրաժարվում որևէ հաշվետվություն ներկայացնել Աշոտյանին՝ համարելով, որ նա չի կարող իրենց վերադաս համարվել, որ իրենք էլ հաշվետու լինեն նրան։ Բացի այդ, խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն էլ հրաժարվում են հաշվետվություն գրել իրենց պատվիրակությունների ղեկավարներին՝ համարելով, որ խորհրդի այդ որոշումը հակաօրինական է։ Բայց կա մի ավելի զավեշտալի իրողություն ևս․ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միանգամից երեք միջխորհրդարանական պատվիրակության ղեկավար է՝ ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի, միջխորհրդարանական միության և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի։ Հետաքրքիր է Արա Բաբլոյանը ե՞ւս պետք է հաշվետվություն ներկայացնի Արմեն Աշոտյանին, ինչպես որ պահանջում է խորհրդի ընդունած որոշումը։