Հետընտրական սթրեսը կես տարի է` շարունակվում է. քաղաքական դաշտում կենդանության նշաններ չկան

Հետընտրական սթրեսը կես տարի է` շարունակվում է. քաղաքական դաշտում կենդանության նշաններ չկան

Ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր քաղաքական դաշտի մի մասն «ընդհատակ» է անցել։ Նրանցից շատերը հրաժարվեցին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, այժմ էլ թեկնածուներ չեն առաջադրել նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ Ավելին՝ քաղաքական դաշտի մեծ մասն անտարբեր է դարձել երկրում ընթացքող գործընթացների վերաբերյալ. հատուկենտ քաղաքական ուժեր են, որ տարբեր իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշում են հայտնում, հայտարարություն տարածում կամ գոնե վարչության նիստ անցկացնում։ Թերևս քաղաքական դաշտի ամենամեծ ինտրիգը 2018 թվականի վարչապետի հարցն է, բայց քաղաքական ուժերի մեծ մասը այս հարցում որևէ դիրքորոշում չունի։ Եթե նախկինում առաջարկներ հնչեցին այս օրակարգով պայքար սկսել, վերջերս նույնիսկ այդ մասին հայտարարություններ չենք լսում։ Հայ ազգային կոնգրեսը, օրինակ, ակտիվ հայտարարություններ էր հնչեցնում ղարաբաղյան հիմնահարցի շուրջ, իսկ այժմ այդ քաղաքական ուժի անդամներին հնարավոր է միայն շատ հազվադեպ տեսնել մամուլի ակումբներում։ Կուսակցության վարչության անդամ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՀԱԿ վարչության անդամները, տարածքային կառույցների անդամները վերջին անգամ հանդիպել են Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին և որոշակի մտքեր փոխանակել երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ։ Նախատեսվում է, որ կուսակցությունը վարչության նիստ կանցկացնի այդ մասին և հետագա անելիքները կորոշի հենց այդ նիստի ընթացքում։ «Հայկական վերածնունդ» կուսակցության մասին ընդհանրապես որևէ տեղեկություն չկա, կուսակցության ներկայացուցիչները ո՛չ մամլո ասուլիսներ են տալիս, ո՛չ հարցազրույցներ տալու ցանկություն ունեն և ո՛չ էլ նույնիսկ հայտարարությունների տեսքով իրենց կարծիքն են հայտնում երկրում ընթացող զարգացումների վերաբերյալ։ Կուսակցությունը ավագանու անդամներ ունի Հայաստանի ամենախոշոր երկու քաղաքներում՝ Գյումրիում մասնակցում են նիստերին, Վանաձորում, ինչպես հայտնի է, առայժմ բոյկոտում են։ Չնայած սպասվում էր, որ այս քաղաքական ուժը Սերժ Սարգսյանի օգնությամբ կհայտնվի խորհրդարանում՝ դա տեղի չունեցավ և երևի թե մինչև հիմա փորձում են սթրեսից դուրս գալ։ Արտախորհրդարանական ուժերից թերևս ամենաակտիվը «Ժառանգություն» կուսակցությունն է, որը որոշակի փորձեր արեց համախմբվելու, քաղաքական դաշտում աշխուժություն մտցնելու համար: Կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ իրենց առաջարկի վերաբերյալ քննարկումներ չեն գնում՝ գործընթացն այս պահի դրությամբ դադարեցված է։ Հետաքրքրվեցինք՝ նույնիսկ կուսակցությունների խոշորացման վերաբերյա՞լ քննարկումներ չկան՝ ինչպես իրենք ավելի վաղ առաջարկել էին, Սուսաննա Մուրադյանը բացասական պատասխան տվեց։ «Համախմբում» կուսակցության գործունեության վերաբերյալ ևս որևէ տեղեկություն չկա։ Թեպետ կուսակցության վարչության անդամները խոստացել էին գործողությունների հստակեցում մտցնել արդեն աշնանը, բայց մինչ այս պահը որևէ տեղեկություն կուսակցության գործունեության վերաբերյալ չկա։ Մեզ հաջողվեց պարզել միայն, որ վարչության նիստեր ևս չեն անցկացվում։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ առայժմ այդ ուժերը կողմնորոշված չեն, չգիտեն՝ ընդհանրապես արժե՞ առաջիկայում գործունեություն ծավալել, թե՞ ոչ. «Արտախորհրդարանական դաշտում լուրջ վակուում է ձևավորվել։ Նույնիակ այն ուժերը, որոնք ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ միավորումների, թավշյա հեղափոխության , Սերժ Սարգսյանի վերարտադրման անթույլատրելիության մասին հայտարարություններ էին անում՝ նրանք, որպես միավոր, այս պահի դրությամբ գոյություն չունեն։ Գերակշիռ մասը՝ մանավանդ նրանք, որոնք ձախողվել են ընտրությունների արդյունքում՝ լուրջ խնդիր ունեն իրենց կուսակցության ներսում, դեռ պետք է փորձեն հասկանալ՝ ինչով պետք է զբաղվեն։ Սովորաբար նման ընտրական միջոցառումներից հետո, երբ ֆիասկո է արձանագրվում, շատ կուսակցություններ համագումար են անում և վերընտրում են իրենց քաղաքական վերնախավին»։ Այս դեպքում անցել է շուրջ կես տարի, բայց միայն մեկ կուսակցություն է համագումար անցկացրել։ Վիգեն Հակոբյանը նշում է՝ մինչդեռ դա դասական քաղաքական պրոցես է, որից Հայաստանի արտախորհրդարանական ուժերը շատ հեռու են. «Որևէ կենդանության նշան չկա, իրենք սահմանափակվում են առավելագույնը ինչ-որ քաղաքական մեկնաբանություններով, իրենք իրադարձությունների հետևից են գնում, ոչ թե իրադարձություն ձևավորում։ Հայտարարություններից այն կողմ պրոցեսը չի գնում. գործը հասել է նրան, որ բանտից Սեֆիլյանն է կոչ անում՝ նույնիսկ տարբեր աշխարհաքաղաքական օրիենտացիայի մարդիկ պետք է փորձեն իրար հետ նստեն՝ խոսեն։ Մարդիկ կան, որ աչքով աչք իրար հետ չունեն, նախկինում փորձել են իրար հետ ճանապարհ անցնել, բայց այժմ իրար մեջ տարաձայնություններն ավելի շատ են, քան իշխանության հետ»։ Արտախորհրդարանական ուժերը, ըստ քաղտեխնոլոգի, այժմ պետք է փորձեն հասկանալ. «Իրենք միավո՞ր են, թե՞ ոչ, շարունակելո՞ւ են գործել, թե՞ ոչ։ Հետո՝ եթե շարունակում են՝ ի՞նչ ֆորմատով։ Քաղաքական ուժերը հիմա այնպիսի սցենարով են գնում, որ նույնիսկ փոքր կուսակցությունները որևէ լուրջ հեռանկարներ չունեն։ Խնդիր կա՝ կամ պետք է լինի միատեսակ, կուռ դաշինք, կամ՝ խոշորացված կուսակցություններ։ Բայց դրա համար նախ առաջին քայլը պետք է անեն՝ իրենք կա՞ն քաղաքական դաշտում, թե՞ ոչ։ Ունե՞ն ինչ-որ ռեսուրսներ, որոնք կարող են դնել սեղանին մյուսների դիմաց, ասեն՝ ես, ասենք, ունեմ լրատվական ռեսուրս, կառույցներ, դու էլ սա ու սա դիր՝ միավորվենք։ Բայց չունեն և դեռևս հոգեբանական սթրեսի մեջ են ընտրություններից հետո։ Դրա համար էլ որևէ նախաձեռնություն հայտարարության մակարդակից այն կողմ չի անցնում՝ մարդիկ պարզապես վերածվել են քաղաքական մեկնաբանների։