Երթուղային գծերի մեծ մասը կվերանա. ոլորտում կմնան ուժեղ խաղացողները. ՀԺ

Երթուղային գծերի մեծ մասը կվերանա. ոլորտում կմնան ուժեղ խաղացողները. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց: Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով: Այս նախաձեռնությունը նոր իրավիճակ է ստեղծելու, այսպես կոչված, գծատերերի համար, քանի որ միջմարզային երթուղիները պետք է դառնան ընդամենը 1-2-ը: Եթե ներհամայնքային երթուղիները, օրինակ, գյուղից գյուղ կամ գյուղից մարզկենտրոն, այդքան էլ շահավետ չեն, և գծատերերը հիմնականում չեն մասնակցում մրցույթներին, ապա նույնը չենք կարող ասել մարզերից Երևան եկող երթուղիների պարագայում: Այսպես, Երևան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Երևան-Արտաշատ երթուղին պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին: Սյունիքի մարզի քաղաքներից դեպի Երևան եկող որոշ երթուղիներ պատկանում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան երթուղիները սպասարկող ընկերությունն էլ կապվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ և այսպես շարունակ: Այսինքն՝ ամեն մի մարզում մեկ-երկու նման խոշոր խաղացող կա, որոնք էլ ենթադրվում է, որ կդառնան նոր ցանցի հիմնական մասնակիցները»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: