«Վտանգ կա, որ բիզնես օմբուդսմենը կդառնա գործիք՝ ՄԻՊ-ին հեռու պահելու համար»

«Վտանգ կա, որ բիզնես օմբուդսմենը կդառնա գործիք՝ ՄԻՊ-ին հեռու պահելու համար»

Արդարադատության նախարարությունը հեղինակել է մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել գործարարների շահերի պաշտպան: Այսինքն՝ ստեղծվում են բիզնես օմբուդսմենի, ինչպես նաև առողջապահական օմբուդսմենի ինստիտուտներ։ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը, սակայն, դեմ է այս գործընթացին։ Նա արդեն հայտարարել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի, քանի որ դա հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սահմանադրության լուծումների համաձայն՝ մեր երկրում կարող է լինել մեկ օմբուդսմենի հաստատություն։ Արման Թաթոյանը միևնույն ժամանակ կարծիք էր հայտնել, որ եթե այդ ինստիտուտները ստեղծվեն էլ, ապա նրանք չեն ունենալու այն լծակները, որ իրենք ունենք, չեն ունենալու այն անկախությունը, որ իրենք ունեն, մշտապես կախյալ են լինելու գործադիր իշխանությունից։ Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ տարբեր երկրներում գործում են և՛ բիզնես օմբուդսմենի, և՛ առողջապահական օմբուդսմենի ինստիտուտներ, այլ հարց է, թե Հայաստանում որքանով է առկա դրա անհրաժեշտությունը։ Բացի այդ, տիկին Ալավերդյանի խոսքով, մի քանի օմբուդսմենների ինստիտուտների միջև հակասություն չի կարող առաջանալ։ «Տարբեր երկրներում կան երկու տիպի օմբուդսմեններ՝ պառլամենտական օմբուդսմեն, որը մեզ մոտ տվյալ դեպքում Արման Թաթոյանն է, և գործադիր օմբուդսմեն, երբ գործադիր մարմինները իրենք իրենց համար նշանակում են օմբուդսմեն, որոնք օժանդակում են շտկել համակարգում առկա թերությունները։ Եթե Հայաստանում էլ են փորձում գործադիրին կից նման մարմին ստեղծել, ապա դա ոչ մի դեպքում չի հակասում պառլամենտական օմբուդսմենի լիազորություններին կամ գործունեության շրջանակին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Ալավերդյանը։ Բացի այդ, նախկին ՄԻՊ-ի խոսքով՝ պառլամենտական օմբուդսմենը սահմանադրական մարմին է, նրա բոլոր լիազորությունները նկարագրված են Սահմանադրության մեջ։ Մեզ պետք չէ երկրորդ, երրորդ պառլամենտական օմբուդսմեն, իսկ գործադիրին կից օմբուդսմենի առկայության մասով խնդիր չկա։ Դա, տիկին Ալավերդյանի խոսքով, գործադիրի աշխատանքների բարելավման մեխանիզմներից մեկն է։ Ինչ վերաբերում է կառավարությանը կից օմբուդսմենների անհրաժեշտությանը, ապա, Լարիսա Ալավերդյանի խոսքով, անհրաժեշտության հարցը քննարկելիս պետք է նկատել, թե որքանով է համակարգը, տվյալ դեպքում՝ կառավարությունը, պատրաստ ինքնամաքրվել։ «Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում բավականին տարածված են այդ ինստիտուտները։ Իրավապահ մարմիններին կից օմբուդսմեն կա, բիզնես, առողջապահական օմբուդսմեն, որոնք նպաստում են համակարգերի կատարելագործմանը։ Արդյոք մեր գերատեսչությունները պատրա՞ստ են ինքնամաքրման, թե՞ դա կդառնա մի մեխանիզմ, գործիք՝ հեռու պահելու պառլամենտական օմբուդսմենին այն իրավունքներրի խախտումներից, որոնք տեղի են ունենում պետական մարմիններում։ Այս վտանգը միշտ կա»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։