Կառավարությունը հաստատեց. մնում է արտահոսքը ռուսական մամուլում

Կառավարությունը հաստատեց. մնում է արտահոսքը ռուսական մամուլում

Հայաստանի կառավարությունը նախօրեին հավանության է արժանացրել հայ-ռուսական վարկային մի նոր պատմություն՝ 100 միլիոն դոլարի, որով Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերելու սպառազինություն: Թե ինչ սպառազինության մասին է խոսքը՝ չի մանրամասնվում: Հավանաբար մանրամասները Ռուսաստանն Ադրբեջանի համար կթողարկի իր լրատվամիջոցներից որևէ մեկի միջոցով, ինչպես արվեց 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով սպառազինության դեպքում: 2015 թվականի աշնանը ռուսական մամուլում, չգիտես ինչպես և ում միջոցով, հրապարակվեց այն սպառազինության ցանկը, որը 200 միլիոն դոլարով Ռուսաստանից ձեռք էր բերելու Հայաստանը: Ընդ որում, պարզ չէ, թե արդյո՞ք այդ տեղեկատվության հրապարակման համար ռուսական մեդիադաշտում որևէ մեկը ենթարկվեց պատասխանատվության: Ավելորդ է ասել ռուսական պաշտոնական շրջանակներում պատասխանատվության մասին, որովհետև, ի վերջո, այդ շրջանակներից պետք է տեղեկատվությունը տրամադրված լիներ ռուսական մամուլին: Մյուս կողմից՝ հրապարակված տեղեկատվությանը անկասկած տիրապետում էին նաև Հայաստանի պաշտոնական շրջանակներ: Հետևաբար տեղ ունի հարցը, թե արդյո՞ք ռուսական մամուլում հենց այդ շրջանակները չէին ապահովել սպառազինության մանրամասների մասին արտահոսքը: Համենայնդեպս, այդ հարցը Հայաստանում այդպես էլ չդարձավ քննարկման առարկա՝ պարզելու համար, թե ի վերջո՝ ով էր պատասխանատու փաստացի ռազմական գաղտնիք հանդիսացող այդ տեղեկատվական արտահոսքի համար: Եվ հիմա, երբ կառավարությունը հաստատում է հերթական հայ-ռուսական վարկային համաձայնագիրը, որով պետք է ձեռք բերվի սպառազինություն հայկական բանակի համար, հարց է առաջանում, թե ով է պատասխանատու լինելու այդ համաձայնագրի, այսպես ասած, գաղտնիության համար, թե՞ շատ մոտ ապագայում ռուսական մամուլի էջերից Ադրբեջանը հանգիստ կտեղեկանա, թե ինչ սպառազինություն է ձեռք բերում Հայաստանը, և, այսպես ասած, ինչ քայլեր են պահանջվում այդ սպառազինությունը դեռևս ձեռք չբերած՝ դրա էֆեկտիվությունը չեզոքացնելու համար: Առավել ևս, որ 200 միլիոնի պատմությունը ցույց տվեց, որ ռուսական մեդիայում շտապ բացահայտվում են մանրամասները, իսկ ռուսական ռազմարդյունաբերությունը ամենևին չի շտապում կատարել հայկական պատվերը: Այն դեպքում, երբ ադրբեջանականը կատարվում է ժամացույցի ճշգրտությամբ: