Հեղափոխությամբ հարցը չի լուծվի. «երկիրը երկիր չի» մոտեցումը պետք է փոխվի

«Առաջին լրատվական»-ը բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ զրուցել է աշխարհում տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների և զարգացումների շուրջ: -Պարոն Մարտիրոսյան, խոսենք համաշխարհային քաղաքակրթական խնդիրների մասին: Ընդունված է ասել, որ «հետճշմարտություն»- (post-truth) ժամանակաշրջան է սկսել: Ի՞նչ վտանգներ եք տեսնում: -Իրոք որ իրավիճակը խառն է, որն անգլերեն լավ բնորոշում ունի՝ turbulent, որովհետև «սառը պատերազմից» հետո, հատկապես վերջին 15 տարիներին պարզվեց, որ այն համակարգը, որ գործում էր, այլևս չի գործում։ Շատ մեծ խնդիրներ կան, թե ինչպես է միջազգային օրենքը մեկնաբանվում, կիրառվում, թե ինչպես են որոշումներն ընդունվում, ինչպես է ուժը կիրառվում և այլն։ Պարզ է, որ մենք լինելով այս տարածաշրջանում, շատ մոտ ենք թեժ կետերին։ Մենք պետք է լավ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ինչ խաղեր են ընթանում և ինչպես կարող ենք դա ծառայեցնել մեր շահերին, ոչ մի հնարավորություն բաց չթողնենք։ Այսինքն՝ ոչ թե ամեն հնարավորությունից մեզ համար լրացուցիչ դժվարություններ ստեղծենք, այլ ամեն հնարավորությունից օգուտներ քաղենք։ -Այդ առումով, Հայաստանի առջև դրված խնդիրները որքանո՞վ են համահունչ գլոբալ խնդիրներին։ -Եթե մենք նայենք նույնիսկ վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, կտեսնենք, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված էր երկու կետի՝ Կատալոնիա և Քրդստան։ Թվում է, որ այդ երկու վայրերում տեղի ունեցող իրադարձությունները պետք է հետաքրքրեն մեզ, թե ինչպես կավարտվեն այդտեղ զարգացումները։ Այստեղ պետք է ասեմ, որ մենք պետք է շատ զգույշ լինենք։ Շատերին թվում է, թե եթե ճանաչվեն Կատալոնիայի ու Քրդստանի կամ նրանցից մեկի անկախությունը, դա ինչ-որ ձևով նպաստելու է մեր շահերին։ Մի կողմից դա այդպես է, մյուս կողմից՝ ոչ։ Շատ ավելի բարդ է իրավիճակը, որովհետև Կոսովոյից հետո, հատկապես 2010 թվականին, երբ միջազգային դատարանն իր կարծիքը հայտնեց, պարզ էր, որ իրենք ուզում էին ամեն ինչ անեին, որ դա նախադեպ չլիներ, մյուս կողմից պետք է ինչ-որ ձևով ճանաչվեր, որ այդ իրավունքը կա։ Այստեղ պետք է հասկանալ, որ միջազգային իրավունքը հստակ չի գործում։ Կոսովոյից հետո եթե կա ինչ-որ նախադեպ, դա նշանակում է, որ շարժվելու ենք դեպք առ դեպք։ Այստեղ մեզ համար կարևոր է հասկանալ, որ ոչ թե Կատալոնիան, Կոսովոն ու Քրդստանը կարող են մեզ համար նախադեպ լինել, այլ մենք ինքներս մեզ համար նախադեպ ենք ստեղծել։ Երկրորդ, եթե խոսում ենք նախադեպերից, ապա նույն Կոսովոյի դեպքում էլ, եթե խորը նայենք, ապա միակ դեպքն է, որ ճանաչումը կայանում և լեգիտիմ է համարվում, որտեղ մեծ ծավալով մարդու իրավունքների խախտում կա, անգամ ցեղասպանության, ազգային ինքնության սպառնալիք կա։ Նույնը վերաբերում է Հարավային Սուդանին։ Մենք հենց այդ դեպքերից ենք, մենք Կատալոնիայի, նույնիսկ Քրդստանի դեպքը չենք։ Եթե մենք նայենք Կատալոնիային և Քրդստանին, նրանք դեռ չեն հասել անկախության և ձգտում են ճանաչում ձեռք բերել, նոր լրիվ անկախ դառնան։ Մենք արդեն ունենք այդ անկախությունը։ Այսօր Արցախն ավելի անկախ է, քան լայն ինքնավարություն ունեցող Քրդստանը։ Այո, Քրդստանն ունի բանակ, բայց Արցախը բանակից բացի, ունի անկախ պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները։ Եթե ճանաչումը կարևոր է, ապա մենք շեշտը պետք է դնենք նրա վրա, որ Արցախում տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ Ադրբեջանի կողմից և նաև եղեռնի միտում։ Որովհետև, սա կարծես, միակ փաստարկն է, որի դեպքում կա կոնսենսուս, որ ճանաչումը պետք է տեղի ունենա։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: