Ես չէի կարա բիզնես չունենայի. ՊԵԿ նախագահ

Մենաշնորհի կոռուպցիայի դեմ պայքարը մեր ամենօրյա աշխատանքն է, համալիր ծրագիր է, որն իրականացնում ենք: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նրա կարծիքով՝ Սամվել Ալեքսանյանը շաքարավազի, Միհրան Պողոսյանը՝ բանանի շուկան չեն մենաշնորհել: «Եթե չեմ սխալվում՝ 50-ից ավելի բանան և շաքարավազ ներկրող կազմակերպություններ կան, եթե դա մենաշնորհ է, ես բան չունեմ ասելու, նույնը բենզինը, ուղղակի մեր տնտեսությունը փոքր է, դրա համար ձեզ թվում է, որ 50-ից ավելի կազմակերպությունը դա քիչ ա, ես կարող եմ ձեզ ցուցակը տրամադրել, դուք ձեր լրագրողական հետաքննությունն անենք և դրանում համոզվեք»,- շեշտեց նա: Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքն էլ է բիզնեսով զբաղվում, Վարդան Հարությունյանը ասաց. «Դուք մի մոռացեք, որ ես 20 տարի բիզնեսով եմ զբաղվել, բիզնեսմեն եմ եղել, ես չէի կարող բիզնես չունենայի: Իհարկե, հիմա ի պաշտոնե չեմ կարող, ժամանակս չի ների, որ ես զբաղվեմ բիզնեսով»,- շեշտեց նա: Անդրադառնալով հարցին, թե ՊԵԿ պաշտոնյաներն ինչպես են ահռելի ունեցվածք կուտակում, վերջերս մամուլում ուշագրավ հայտարարագրեր էին հայտնվել, Վարդան Հարությունյանը ասաց. «Եթե հայտարարագրել են և դրա մեջ կրիմինալ կա, պետք է համապատասխան մարմինները զբաղվեն դրանով, դա ես չպիտի զբաղվեմ: Իսկ եթե մարդու հայտարարագրի մեջ կրիմինալ չկա, պետք չի ման գալ, դա իմ գործառույթը չի»,- շեշտեց նա: Վարդան Հարությունյանը նաև ասաց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում սպորտի նախարարի հայտնի հայտարարությունից հետո ստուգումներ չեն անցկացվել: Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է անելու 2018-ից հետո, եթե Կարեն Կարապետյանը վարչապետ չլինի, հայտնի է, որ նրա թիմից է, Վարդան Հարությունյանը ասաց, որ Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան թիմեր չկան, դա նույնն է: «Ես պաշտոնից կառչած չեմ, և եթե թիմը նպատակահարմար կգտնի՝ կմնամ նույն տեղում, եթե ոչ՝ չեմ մնա, խնդիր չկա, երբեք ծանր չեմ տանում նման բաները»,- ընդգծեց նա: Նա խոսեց նաև Միհրան Պողոսյանի ընկերությունում ստուգումների և դրա շուրջ «Քեթրին Գրուպի» վարչական դատարան դիմելու մասին: Մանրամասները՝ տեսանյութում: