Բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է Միավորված Ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի ներկայացուցիչներին

Բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է Միավորված Ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի ներկայացուցիչներին

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Միավորված Ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ներկայացուցիչ Յագշիմուրադ Աննամուրադովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաոլա Ալբրիտոնին կարևորել է ՀՀ բնապահպանության նախարարության դերն աղետների ռիսկերի կառավարման գործում` հատկապես կլիմայի փոփոխության գործընթացների համատեքստում: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանն առաջնային է համարել գլոբալ կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետների ռիսկերի կառավարման աշխատանքները և ընդգծել, որ այդ գործընթացն արդյունավետ իրականացնելու համար առաջնային նշանակություն ունի շրջակա միջավայրի հաշվառումը և տվյալների ստացումը: Փոխնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանի մակարդակով նման համալիր միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը, ինչը կբարձրացնի կատարվող քայլերի արդյունավետությունը: Ճշգրիտ առաջնային տվյալների ստացումը և դրանց տրամադրումը որոշումներ ընդունողներին հնարավորություն կտա վերջիններիս արդյունավետ գործել: Պաոլա Ալբրիտոն հայտնել է, որ Միավորված Ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել եվրոպական մեթոդոլոգիայի տեղայնացման և ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունների և հմտությունների բարձրացման հարցերում: Կողմերը պայմանավորվել են սերտացնել համագործակցությունը կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնական պրոցեսների մոնիթորինգի, բնական աղետների ռիսկերի կառավարման հարցերում, և այդ նպատակով հայկական կողմից կներկայացվեն ծրագրային առաջարկություններ: